Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացավ Գագիկ Բեգլարյանին առնչվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատական նիստը. դատարանը մերժեց Բեգլարյանի ներկայացուցչի՝ գործի քննությունը կասեցնելու միջնորդությունը

Կայացավ Գագիկ Բեգլարյանին առնչվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատական նիստը. դատարանը մերժեց Բեգլարյանի ներկայացուցչի՝ գործի քննությունը կասեցնելու միջնորդությունը
Հասարակություն / Իրավունք
20:51, 09 январь 2023
Այսօր Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում ընթացավ Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Խոսքը վերաբերում է Բեգլարյանից շուրջ 51 միավոր գույք կամ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքին համարժեք գումար բռնագանձելուն։ 

Հիշեցնենք, որ Բեգլարյանը կասկածվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2009 թվականին պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Բեգլարյանի հետ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, նվիրատվության կարգով Երևանի Կենտրոնում գտնվող համայնքապատկան անշարժ գույքեր են տրամադրել երեք անձանց և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ գույքը չնչին գումարներով օտարել են Բեգլարյանի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ՝ 235 միլիոն դրամի վնաս։

Առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ համայնքապատկան գույք, մասնավորապես, մանկապարտեզի շենք հափշտակելու առթիվ հարուցված մեկ այլ քրեական գործով Գագիկ Բեգլարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նախորդ տարվա մարտից։

Ըստ ԱԱԾ-ի՝ դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին, սակայն նա լքել է երկիրը և այժմ հետախուզվում է։ 

Այսօրվա դատական նիստում Բեգլարյանի ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ ենթադրյալ ապօրինի գույքի պահպանման ուղղությամբ այս տարիների ընթացքում ծախսեր են իրականացվել, վճարվել է գույքահարկ և այլն, սակայն բռնագանձման ենթակա գումարից մասհանումներ չեն արվել։ Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ բանկային գործարքներում երևացող ծախսերը նվազեցվել են, իսկ որոնք չեն երևացել, բնականաբար նվազեցումներ չեն արվել։

Պատասխանողի ներկայացուցիչը տարակուսանք հայտնեց նաև այն առումով, որ  դատախազության հայցով ենթադրվում է, որ պահանջ է ներկայացվում Բեգլարյանից բռնագանձել ոչ միայն ենթադրյալ ապօրինի, այլ նաև օրինական կերպով ձեռք բերված գույքը, որովհետև բազմաթիվ դեպքերում գույքը ձեռք է բերվել թե՛ օրինական, թե՛, ըստ դատախազության, նաև անօրինական դրամական միջոցներով, սակայն պահանջվում է բռնագանձել ամբողջ գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական ամբողջ արժեքի չափով գումար։ Օրինական և ապօրինի մասը չտարանջատելու հետևանքով, ըստ պատասխանողի ներկայացուցչի, տարբերությունը կազմում է շուրջ  2 մլրդ դրամ։

Ի վերջո, տուժողի ներկայացուցիչը դատարանին միջնորդեց կասեցնել գործի հետագա քննությունը՝ պատճառաբանելով, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի որոշ նորմեր քննվում են Սահմանադրական դատարանում, հետևաբար այս գործը պետք է կասեցվի, մինչև ՍԴ-ն որոշի օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը։ Հակառակ դեպքում, ըստ Բեգլարյանի ներկայացուցչի, կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները դիմել էին ՍԴ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու համար, և այդ դիմումը նախորդ տարվա փետրվարին ընդունվել է ՍԴ վարույթ։  

Դատախազը առարկեց պաշտպանի միջնորդությունը բավարարելուն՝ նշելով, որ Սահմանադրական դատարանին իրավունք է վերապահված կասեցնելու այն նորմի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, և քանի որ չկա նման որոշում, հետևաբար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի հիման վրա ներկայացված հայցադիմումները կարող են քննվել, այսինքն՝ անհնարինություն, այդ իմաստով, չի առաջանում։ 

Ի վերջո, լսելով կողմերին, մերժեց Գագիկ Բեգլարյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ-ում գործում է օրենքների սահմանադրականության կանխավարկածը, և քանի դեռ որևէ օրենք հակասահմանադրական չի ճանաչվել, այն համարվում է սահմանադրական։ 

Դատարանը անցավ առարկությունների ներկայացման փուլին, սակայն պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց ընդմիջել դատական նիստը՝ դրանց պատրաստվելու համար։ 

Այսպիսով դատական նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի սույն թվականի հունվարի 12-ին, ժամը 16-ին։

 
Վովա Հակոբյան