Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախ մտնող ֆիքսված ինտերնետ կապի մալուխները կտրվել են հենց այն հատվածում, որտեղ ճանապարհը փակել են ադրբեջանցի «բնապահպանները». Արցախի պատգամավոր

Արցախ մտնող ֆիքսված ինտերնետ կապի մալուխները կտրվել են հենց այն հատվածում, որտեղ ճանապարհը փակել են ադրբեջանցի «բնապահպանները». Արցախի պատգամավոր
Հասարակություն
18:34, 13 январь 2023
Արցախում ֆիքսված ինտերնետ կապը երեկ ընդհատվել է Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջից հետո։ Տեսակամուրջի ժամանակ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի մի շարք պաշտոնյաներ Հայաստանի և միջազգային մամուլին ներկայացնում էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը մեկ ամսից ավելի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար հետևանքները։

Civic.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախ մտնող ֆիքսված ինտերնետ կապի մալուխները կտրվել են հենց այն հատվածում, որտեղ ճանապարհը փակել են ադրբեջանցի բնապահպան ներկայացողները։ 

Հարցին՝ արդյոք դա միտումնավո՞ր է արվել, որպեսզի Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը հասանելի չդարձվի միջազգային հանրությանը, Արցախի ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ադրբեջանն Արցախի շրջափակումն ավելի դաժան է դարձնում, մարդկանց համար անտանելի վիճակ է փորձում ստեղծել, և դա փոխշաղկապված է Ձեր նշածի հետ»։  

Նշենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը, իսկ ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս հայ մասնագետներին իրականացնելու վերանորոգման աշխատանքներ։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Արցախում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին, և հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ:

Վահրամ Բալայանի խոսքով՝ ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի միջև թեպետ ընթանում են բանակցություններ և ճանապարհի բացման, և էլեկտրաէներգիայի ու ֆիքսված ինտերնետ կապի վերականգնման համար, սակայն կարճ ժամանակում այդ հարցերի լուծումն ակնկալելի չէ։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսակամուրջի ժամանակ ասել էր, որ ամեն ինչ անելու են՝ մեծացնելու ռուս խաղաղապահների թե թվաքանակը, թե լիազորությունները։ 

Հարցին՝ կիսո՞ւմ եք Արցախի պետնախարարի տեսակետը, Արցախի պատգամավորն արձագանքեց. «Իհարկե, լիազորություններ պետք է տրվեն ռուսական խմբին, որ կոշտ վերաբերմունք ցույց տա, որովհետև բանակցությունների միջոցով չի ստացվում հարցեր լուծել»։
Արցախի պատգամավորի դիտարկմամբ՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ը պետք է տա լիազորություններ՝ ադրբեջանցիների դեմ կոշտ մոտեցում ցուցաբերելու համար։ 

Մեր հարցին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների թվում են ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան, որոնք ակնհայտ դեմ են Ռուսաստանի վարած քաղաքականությանը Ուկրաինայի դեմ, նույնիսկ Ռուսաստանին ագրեսոր են դիտարկում, ինչպե՞ս է հնարավոր ՄԱԿ-ի կողմից ռուս խաղաղապահներին տրվի ընդլայնված լիազորություններով մանդատ, պատգամավորը մեկնաբանեց. «Ամբողջ խնդիրը այն է, որ մենք հայտնվել ենք ուժային կենտրոնների շահերի բախման կիզակետում։ Արցախի խնդիրը շարունակվում է 20-րդ դարից։ Իսկ երբ բարձր ամբիոններից խոսվում է մարդու իրավունքների, կյանքի պահպանման, փոքր ազգերի պահպանման մասին, այս խոսքերը, որոնք հնչեցվում են, պետք է բովանդակություն հաղորդեն, պայմաններ ստեղծվեն, խոսքից գործին անցնեն»։

Արցախի պատգամավորի խոսքով՝ արցախցիները թեպետ ճնշված են, բայց միասնաբար դիմակայում են։ 

Վահրամ Բալայանը նշեց, որ Արցախի հարցում ակնկալում են աջակցություն Մինսկի խումբը ներկայացնող երկրներից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ինչպես նաև ԵՄ երկրներից։

Նարա Մարտիրոսյան