Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ամբողջ տարածքում ֆիքսված ինտերնետը շարունակում է անջատված մնալ. Արցախի նախագահի խոսնակ

Արցախի ամբողջ տարածքում ֆիքսված ինտերնետը շարունակում է անջատված մնալ. Արցախի նախագահի խոսնակ
Հասարակություն
19:00, 12 январь 2023
«Արցախի ամբողջ տարածքում ֆիքսված ինտերնետը շարունակում է անջատված մնալ։ Արցախի Կառավարության նախնական տեղեկություններով՝ սա ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական գործողության արդյունքն է։ Ադրբեջանը միտումնավոր վնասել է Արցախ գնացող ինտերնետի մալուխը»։ Այս մասին մեզ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Սա, ըստ խոսնակի, նշանակում է՝ Ադրբեջանը լիարժեք է դարձնում Արցախի շրջափակումը՝ կյանքի ճանապարհի փակմանը, հոսանքագծի աշխատանքի խաթարմանը գումարելով նաև ինտերնետ կապի խաթարումը։ 

Մենք հետաքրքրվեցինք՝ Հայաստանից Արցախ գնացող հոսանքագծի վերանորոգման համար ընթացող բանակցությունները ինչ փուլում են, խոսնակն ի պատասխան ասաց, որ, ցավոք, որևէ նորություն չի կարող ասել։ 

Նշենք, որ քիչ առաջ համացանցով լուրեր տարածվեցին, որ ադրբեջանական կողմը այս անգամ միտումնավոր վնասել է Արցախ գնացող ֆիքսված ինտերնետի մալուխը։ 

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանությունը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը։ Արդյունքում Արցախում օրեցօր սրվում է առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, պարենի և վառելիքի պակասը։ Հումանիտար ճգնաժամը խորացնելու նպատակով 2023 թ. հունվարի 9-ին դադարեցվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վթարի պատճառով, որը ևս անցնում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքով։ Մինչ այսօր Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտում է վթարավերականգնողական աշխատանքները, ինչը վկայում է նրա քայլերի կանխամտածվածության մասին։ Այսպիսով, Ադրբեջանի գործողությունները 120 000 բնակչություն ունեցող Արցախը կանգնեցրել են հումանիտար աղետի շեմին։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը փակել էր նաև իր կողմից օկուպացված տարածքներով Հայաստանից Արցախ հասնող գազի մատակարարումը։

Թամարա Ղազարյան