Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որ մենակ էլ լինեմ, գնալու եմ․ Ոչ ոք ինձ հետ չի կարող պահել․ Կամ կգամ, կամ չեմ գա»․ հերոս Արմեն Նիկողոսյանը կամավոր մեկնել է հայրենիքը պաշտպանելու

«Որ մենակ էլ լինեմ, գնալու եմ․ Ոչ ոք ինձ հետ չի կարող պահել․ Կամ կգամ, կամ չեմ գա»․ հերոս Արմեն Նիկողոսյանը կամավոր մեկնել է հայրենիքը պաշտպանելու
Հասարակություն
17:32, 06 май 2021
32 ամյա Արմեն Նիկողոսյանը, պատերազմը սկսվելուն պես, մեկնել է վերապատրաստումների և, պատերազմի առաջին օրերին կամավորագրվելով, մեկնել պատերազմ։

Քրոջ՝ 35 ամյա Անժելայի խոսքով իրենք չեն իմացել եղբոր մտադրությունների մասին։ Մեկնելուց հետո է միայն զանգել ու ասել, որ արդեն պատերազմի դաշտում է։ 

Արմենը սկզբում կռվել է Եղնիկներում և Մարտակերտում՝ որպես դիպուկահար։


«Մեկ-մեկ զանգում էր, մի քանի րոպե խոսում, ասում, որ ամեն ինչ լավ է ու վերջ։ Սովորական էր խոսում, ուրախ էր, տպավորություն էր, թե ինչ-որ լավ բանի է գնացել», - ասաց Անժելան։

Նիկողոսյանները Գյումրիից են,բայց Արմենը Երևանում էր բնակվում և աշխատում։ Քույրը նրան բնութագրում է՝ բարի, ընկերասեր ու նվիրված։ Ասում է՝ երազում էր ծանրամարտով զբաղվել ու արդեն մտածում ամուսնության մասին։

Պատերազմի ընթացքում Արմենը 1 օրով վերադարձել է տուն, բայց ամբողջ ընթացքում ոչինչ չի խոսել, անտրամադիր ու մտահոգ տեսք է ունեցել։

«Մահացած զինվորներ էին բերել։ Եկել էր, բայց ընդհանրապես ոչինչ չէր խոսում։ Դեմքին նայում էինք, ոնց որ մոլորված լիներ։ Մի օր մնաց ու էնտեղից զանգեցին իմ համարին, թե՝ Նիկողոսյան Արմենին հետ ենք կանչում։ Եկավ տուն, էլ ոչինչ չվերցրեց հետը, էդպես՝ տան շորերով գնաց զինկոմ, էնտեղից զանգեց, թե՝ մեզ 4 հոգով տանում են, ես գնացի», - պատմեց Անժելան։

Նրա խոսքով՝ երկրոդ անգամ մեկնելուց, երբ փորձել են Արմենին հետ պահել, ասել է․ «Չէ,որ մենակ էլ լինեմ, գնալու եմ։ Ոչ ոք ինձ հետ չի կարող պահել։ Կամ կգամ, կամ չեմ գա»։ 

Այս անգամ Արմենը մեկնել է Արցախի Ճարտար, այնուհետև, Մաճկալաշեն գյուղեր։ Զոհվել է հոկտեմբերի 29-ի լույս առավոտյան՝ հենց Մաճկալաշենում՝ ԱԹՍ-ի հարվածից․ «Իր ոտքերը կոտրված է եղել, շատ ասկոլկաներով է եղել։ Ընկերներն ասում էին, որ ինքը միանգամից չի մահացել, տանջվելով է մահացել։ Ասում են՝ գլորվում էր, ուզում էր հելներ, ուժ տար իրեն»։

Արմենը ջուր է խնդրել ընկերներից, նրանք գնացել են ջուր բերելու, Անժելայի խոսքով,  թեժ են եղել մարտերը ու երևի չեն կարողացել հետ վերադառնալ։ Այդպես՝ Արմենը մնացել է մենակ ու զոհվել՝ մարտի դաշտում։

«Ինձ թվում ա, ինքը հենց ասել է՝ թողեք, գնացեք։ Ամսի 29-ին Մաճկալաշենի վրա շատ ուժեղ հարձակում է եղել ու իր ընկերը վիրավորվել է՝ սարից գլորվել ցած։ Նա գրկել է ընկերոջը, տարել, հասցրել շտապօգնության մեքենային ու հետ եկել։ Այդ ժամանակ էլ շատ ուժեղ հարձակում է եղել ու նա զոհվել է», - պատմում է Անժելան։

Անժելան, հոկտեմբերի 29-ին՝ Արմենի մահվան օրը, երազում տեսել է նրան․ «29-ի գիշերը, երազում տեսա իրեն։ Սպիտակ պատերով մի փոքր սենյակում՝ զինվորական շորերով, մոլորված, ինքն իրենց կորցրած հայացքով, կանգնած էր ու շուրջն էր նայում, իսկ կողքին  դագաղի կափարիչ էր դրված»։

Արմենի ընկերները հետագայում պատմել են, թե ինչպես է նա կռվի՝ ժամանակ թևից վիրավորված վիճակում, շարունակել խիզախությամբ մարտնչել։
 
«Ասում են՝ թևը վիրավոր, արյունը հոսում էր, բայց ինքը մեկ ձեռքով էնպես էր կռվում, մենք զարմացած էինք»,- պատմեց քույրը։ 

Նրա խոսքով՝ Արմենը մտերիմ ընկեր է կորցրել պատերազմում, որից հետո, կարծես, ավելի մարտական է տրամադրվել ու ինքնամոռաց կռվել․ «Ասում են, կարծես, իր համար կարևոր չէր՝ ողջ կմնա, թե՝ չէ։ Ասել է՝ հե՛տ գնացեք, դուք մի՛ եկեք, ես ձեզ կպաշտպանեմ»։

Օրեր շարունակ ընտանիքը փնտրել է որդուն՝ ողջերի ու զոհվածների մեջ, ու նրա մահվան մասին տեղեկացել միայն նոյեմբերի 20-ին։ Նոյեմբերի 22-ին Արմենին գտել և 24-ին հուղարկավորել  են՝ Շիրակի եղբայրական գերեզմանոցում։

Արմեն Յուրիկի Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։


Սյուզի Սիրականյան