Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր տանը ոչ ոք չի մտածում, որ ինքը չկա․․․ինքը բանակում ա. 18-ամյա Մեսրոպը զոհվել է՝ ընկերների թիկունքը պահելիս

Մեր տանը  ոչ ոք չի մտածում, որ ինքը չկա․․․ինքը բանակում ա. 18-ամյա Մեսրոպը զոհվել է՝ ընկերների թիկունքը պահելիս
Հասարակություն
20:46, 12 апрель 2021
«Միշտ ասում էր, որ ես գնամ բանակ, էլ հետ չեմ գալու, էդպես եմ մտածում։ Բանակ գնալուց առաջ իր մտերիմ ընկերը մահացել էր, ու, երբ նա գնացել էր գերեզման, ընկերները պատմում են, որ ասել է ՝ ես էլ եմ գալու քո մոտ, ախպե՛րս։ Սիրտը վկայում էր». պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մեսրոպ Հովհաննիսյանի քույրը՝ 23-ամյա Անահիտը, դժվարությամբ է զսպում արցունքները՝ 18-ամյա եղբոր մասին խոսելիս։ Առանձնահատուկ ջերմությամբ և հիացմունքով է նկարագրում նրան, պատմում նրա հանգիստ, հավասարակշռված ու աշխատասեր բնավորության մասին։

Մեսրոպը Իջևան քաղաքից էր։ 2 ամիս էր ինչ ծառայում էր բանակում՝ Ջաբրայիլում, երբ պատերազմը սկսվեց։ Քրոջ խոսքով՝ անչափ սիրել է մեղվաբուծությունը, պապիկի մեղուներով է զբաղվել, սակայն չգիտի, թե եղբայրն ինչով էր ցանկանում զբաղվել՝ բանակից հետո։ Միշտ խուսափել է ապագայի հետ կապված պլաններ կազմել՝ հաճախ նշելով, որ բանակից հետ չի գալու։

Պատերազմի ընթացքում Մեսրոպը ընդամենը 3 անգամ է խոսել ընտնիքի հետ։ Քրոջ խոսքով՝ օրերով սոված են մնացել այնտեղ, և վերջին անգամ հոկտեմբերի 9-ին, երբ զանգել է, հոր հետ խոսելիս ասել է․ «Այսօր հաց ենք կերել, պապ, խրամատում ենք, ամեն ինչ նորմալ է, չմտածե՛ք»։

Ջաբրայիլը հանձնելուց հետո նրանց տեղափոխել են Հադրութ։ Ընտանիքը 2 ամիս որդուց տեղեկություն չի ունեցել։ Լսել են, որ նրանք Հադրութում ինչ-որ դպրոցում են գտնվում, որը հարձակման է ենթարկվել և շատերը գերի են ընկել, իսկ Մեսրոպին՝ մյուսների հետ, տեղափոխել են Հադրութի անտառներ։ 

«Մենք իրենց գտել ենք դեկտեմբերի 18-ին։ Մինչ այդ ոչ մի տեղեկություն չենք ունեցել, ամեն տեղ դիմել ենք, գնացել ենք, բայց ոչ մի լուր։ Նոյեմբերի 27-ին ծնողներս՝ մի քանի այլ ծնողների հետ միասին, գնացին Արցախ, որ փնտրեն տղաներին», - պատմում է Անահիտը։

Արդեն Արցախում Մեսրոպի հայրը  գտել է նրա ողջ մնացած ծառայակիցներին, որոնք պատմել են, որ Մեսրոպը զոհվել է անտառում՝ հարձակման ժամանակ, ընկերների թիկունքը պահելիս։ 

«Իրենք մոտ 30 հոգի են եղել։ Հարձակում ա եղել, ինքը «գրանատներ» ա քցել, ու ասել ա՝ փախե՛ք։ 4 հոգով մնացել են թիկունքը պահելու, մնացածը նահանջել են։ էդ երեխան ասում ա՝ ես, որ թեքվեցի, իրան խփեցին ու ինքն ընկավ», - պատմում Անահիտը։

Ըստ նրա՝ Մեսրոպին գտնելուց պարզվել է, որ նրա խաչեղբայրը նույնպես այդ պահին նրա կողքին է եղել, երկուսն էլ զոհվել են։


Անահիտը պատմում է՝ եղբայրը երբեք չի բողոքել ծառայությունից, բնավարությամբ էլ պահանջկոտ չի եղել և սովորություն չի ունեցել դժգոհելու՝ անկախ նրանից, թե ինչքան բարդ իրավիճակում կհայտնվեր։ Ընկերներին նվիրված է եղել ու հոգատար։ 

«Տանը քիչ էր լինում, հիմնականում ընկերների հետ էր անցկացնում օրը։ Անչափ աշխատասեր էր։ Թաքուն ծխում էր (ժպտում է՝ - հեղ․), բայց իր ծխախոտի գումարը միշտ ինքն էր վաստակում։ Ամեն աշխատանքի պատրաստ էր։ Անտառներում կգնար աշխատանք կաներ 16, 17 տարեկանից, բայց սիրում էր, որ իր ամեն ինչը ինքը հոգար», - պատմում էր քույրը։

Անահիտն այժմ տան միակ զավակը դարձավ, սակայն չի համարում, որ կորցրել է Մեսրոպին։ Նա միշտ ընատնիքի սրտում ու մտքերում է։ 

«Տանը 5 հոգի ենք՝ ծնողներս, տատիկս, ես ու ախպերս․․ Մայրիկի ու իմ հետ էր շատ կապված ինքը․․ Բայց մեր տանը  ոչ ոք չի մտածում, որ ինքը չկա․․․ինքը բանակում ա, ու․․․», - ասում է Անահիտը ու դադարում խոսել,   ձայնը դողում է, խոսափողից լսվում հեկեկոցի ձայներ․․․ 
 
Սյուզի Սիրականյան