Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դու մայր ես, տանջվում ես երեխայիդ կորստից, բայց նաև մայր ես, ու պետք ա պայքարես պատերազմ տեսած մյուս տղայիդ համար»․ Ջաբրայիլում զոհված Արտավազդի մոր ապրումները

«Դու մայր ես, տանջվում ես երեխայիդ կորստից, բայց նաև մայր ես, ու պետք ա պայքարես պատերազմ տեսած մյուս տղայիդ համար»․ Ջաբրայիլում զոհված Արտավազդի մոր ապրումները
Հայաստան
17:05, 09 апрель 2021
38 ամյա Մարինե Մարկոսյանի միակ սփոփանքը որդու մարմինն ամբողջական գտնելու փաստն է: 19 ամյա Արտավազդ Ասատրյանը մեկ տարի էր, ինչ ծառայում էր հայոց բանակում, երբ պատերազմը սկսվեց և հոկտեմբերի 6-ին Ջաբրայիլի թեժ մարտերում վիրավորվեց, իսկ հաջորդ օրը՝ զոհվեց:

Մարինեն սրտի խորը ցավով է պատմում Արտավազդի մասին, միևնույն ժամանակ նշում, որ տեսնելով անհետ կորածների թիվը՝ սփոփանք է այն, որ գտել է որդուն: Արտավազդը դիպուկահարի մեկ կրակոցից է զոհվել, որը ճակատագրական է դարձել նրա համար, քանի որ փամփուշտն անցնել է թևատակով՝ պաշտպանիչ ժիլետի բաց մասից։

 «Չեք պատկերացի, իրեն ոչ-մի բան չէր եղել: Այսքան զոհեր, այսքան մայրերի տառապանքները, որ տեսնում եմ, երբ իրենց երեխաներին չեն տեսնում, փակ դագաղներով են հուղարկավորում, ԴՆԹ-ներով են ճանաչում...ես իրեն տեսել եմ, իրեն ոչ մի բան չէր եղել»:
Մարինեն հանկարծակի դադարում է խոսել, խոսափողից հառաչանքների ձայն է լսվում ու հետո երկար լռություն:

Դժվարությամբ փորձում է նորից խոսել ու շարունակում ենք զրուցել։
«Մեծ տղաս՝ Կարենը...իր ամբողջ հոգեկան աշխարհը ավելի ծանր ա: Ամբողջ ընտանիքով ամեն ինչ անում ենք, որ լավ լինի»:
Մարինեն ևս երկու որդի ունի: Ավագ որդին՝ Կարենը, 1 տարի է մեծ Արտավազդից: Նրանք միասին են ծառայել Մարտունիում, և հետո արդեն կռվել պատերազմում: Իսկ կրտսեր որդին 8 տարեկան է։

«Գիտե՞ք, շատ դժվար ա: Դու մայր ես, տանջվում ես երեխայիդ կորստից, բայց նաև մայր ես, ու պետք ա պայքարես, որ պատերազմ տեսած մյուս երեխադ, գոնե, հոգեպես մի քիչ ոտքի կանգնի, ինչը շատ դժվար ա իր համար»:

Մարինեի համար նաև բարդ է 8 ամյա որդուն հնարավորինս հեռու պահել ծանր մթնոլորտից:

«Պետք է ուշադիր լինես, էնպես պիտի անես, որ իր մանկությունը ոտքի տակ չգնա: Էնքան ծանր ա՝ խելագարվելու աստիճան»:
Արտավազդը շատ նպատակներ ուներ՝ ծառայության ավարտից հետո: 6 տարի Թումո դպրոցի սան է եղել, և շատ է սիրել համակարգչով աշխատել: Հետաքրքրված է եղել ծրագրավորմամբ և վերդառնալուց հետո պատրաստվել է ծրագրավորող դառնալ: 

Մի քանի օրից՝ ապրիլի 21-ին, լրանալու է Արտավազդի ծառայության 100-րդ օրը: Օրեր, որոնք  այնքան ուրախությամբ ու անհամբերությամբ հաշվում էր Արտավազդն ամեն օր ու ամեն անգամ մոր հետ խոսելիս նշում։

«Միշտ հաշվում էր: Ասում էր՝ ապրիլի 21-ը իմ 100-րդ օրն ա, մա՛մ: Հիմա նստել եմ, էդ եմ մտածում..»:

Չնայած դրան Արտավազդը մեծ սիրով է ծառայել։
«Ես, անկեղծ, մի օր չեմ լսել, որ ինքն ասի՝ վատա ինչ-որ բան: Բոլորը, որ բողոքում էին, ինքն ասում էր՝ մամ, բա բանակ ա, բա ի՞նչ էիք ուզում: Եթե պիտի գնաս բանակ, չկարողանաս քո տեղը գտնես..»:
Մարինեն որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 3-ին է խոսել, ու պատերազմի ընթացքում միշտ որդուց լսել, որ ամեն ինչ լավ է ու անհանգստանալու կարիք չկա: 

Ընտանիքն Արտավազդին գտել է  հոկտեմբերի 13-ին Մեծամորի դիահերձարանում:

Սյուզի Սիրականյան