Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշմանդամություն ձեռք բերած աշխատակիցը պայքարում է իրավունքների վերականգնման համար

Հաշմանդամություն ձեռք բերած աշխատակիցը պայքարում է իրավունքների վերականգնման համար
Հասարակություն / Իրավունք
20:20, 25 апрель 2023
Աշխատավայրում դժբախտ պատահարի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած Արթուր Մնացականյանը պայքարում է իր իրավունքների վերականգնման համար. գրում է disabilityinfo.am-ը։

Արթուրը հանքափոր է, աշխատել է Մեղրու ոսկու հանքում։ 1 տարի էր՝ ինչ աշխատանքի էր անցել այդ հանքում, երբ դժբախտ դեպքը տեղի ունեցավ։ Աշխատանքի ժամանակ հանքի ապարներից մեկը պոկվել ու Արթուրի վրա է ընկել՝ հասցնելով լուրջ վնասվածքներ ու կոտրվածքներ։

«Մինչև հիմա այդ ձայնը ականջներիս մեջ է, թե ոնց էդ քարն ինձ խփեց։ Կողերս սաղ երկաթներով հավաքած են, թոքերս վնասվել են, երիկամս վնասվել է։ Բժիշկը որ տեսավ, ասեց՝ հրաշքով ես ողջ մնացել, էս վնասվածքներով մարդիկ չեն ապրում»,- հիշում է 59-ամյա Արթուր Մնացականյանն ու ցույց է տալիս ռենտգենյան լուսանկարները, որոնցում պարզ երևում են կողերի կոտրվածքները։
Վիրահատությունների արդյունքում հաջողվել է կյանքը փրկել, բայց ոստիկանությունը դեպքի մասին կամ չի տեղեկացվել, կամ տեղեկանալուց հետո գործին ընթացք չի տրվել, իրավական գործընթաց չի սկսվել։

«Ինձ սկզբում ասում էին՝ ընդամենը սալջարդ է, որ ոչ մեկը չտուժի։ Ասում էին՝ մի երկու ամիս կպառկես, լավ կլինի, հետո կգաս, թեթև գործ կտանք քո նույն աշխատավարձով, բայց հետո ընդամենը ամսական 200 հազար դրամ առաջարկեցին ու այն էլ՝ անորոշ ժամանակով ու առանց պայմանագրի։ Մեկ տարի է անցել, ես նոր-նոր եմ կարողանում բակ դուրս գալ, մինչ էդ ո՛չ կարողանում էի պառկել, ո՛չ շարժվել»,- պատմում է Արթուրը։

Երկու երեխաների հայրը, որ տան միակ կերակրող ձեռքն էր, այսօր ոչ միայն չի կարողանում աշխատել ու ընտանիքը պահել, այլև անհրաժեշտ դեղորայքային ու վերականգնողական բուժում ստանալ՝ ֆինանսների պատճառով։

400-500 հազար դրամ աշխատավարձ ստացող Արթուրին առաջարկել են ամսական 200 հազար դրամ վճարել, սկզբում համաձայնել է, հետո հասկացել, որ այդ գումարով նույնիսկ բուժման ծախսերը չի կարողանում հոգալ։ Երբ ընկերությունից դեպքի վերաբերյալ խեղման ակտ է պահանջել փոխհատուցում ստանալու համար, չեն տրամադրել, ինչից հետո Արթուրը դիմել է արդեն իրավաբանի օգնությանը, բայց մտավախություն ունեն, որ փորձագետների վրա կարող են ճնշումներ լինել, և եզրակացություն տրվի, որ դեպքը տեղի է ունեցել հանքափորի մեղքով։

«Չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ ղեկավարությունը մեղավոր չլինի, հնարավոր չէ պատկերացնել։ Ես իհարկե անվտանգության մասնագետ չեմ, բայց հասկանում եմ, որ գործատուն պարտավոր էր, օրինակ՝ հողի շերտի ուսումնասիրություն անել և ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ։ Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, բայց հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է, որովհետև չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, սակայն նրանք օպերատիվ միջոցներով ճշտել են, որ դեպքը տեղի է ունեցել, և քրեական վարույթ է հարուցվել, նշանակվել է փորձաքննություն, և հանքի կողմից հարց է առաջադրվել՝ հանքի աշխատակիցների կողմից թերացումներ կա՞ն, թե՞ ոչ, դեպքը տեղի է ունեցել Արթուր Մնացականյանի անփութությա՞ն հետևանքով»,- ասում է Արթուրի շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Աշոտ Շահսուվարյանը։

Դեպքից մեկ տարի անց չկան մեղադրյալներ, միայն Արթուր Մնացականյանն է տուժող ճանաչվել: Նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու՝ արդյոք տեղի ունեցածը հանքափորի անփութությա՞ն, թե՞ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով է եղել:
Դեպքի ժամանակ ներկա են եղել թե՛ անվտանգության մասնագետը, թե՛ ղեկավար կազմից։ Փաստաբանի խոսքով՝ ինքը ևս փորձել է խոսել հանքի ղեկավարության հետ, բայց իրեն ասել են, թե տնօրենը երկրում չէ, և այդպես էլ իր հետ կապ չեն հաստատել։ Հրաժարվել են նաև ներկայիս բուժման ծախսերը հոգալուց, ասելով, թե իրենց մեղքը դեռ ապացուցված չէ։

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 202-րդ հոդվածն ասում է, որ եթե կատարվող աշխատանքի պատճառով աշխատողի առողջական վիճակը վատթարացել է (չի կարող իրականացնել նախկին աշխատանքը վնասվածքի, մասնագիտական հիվանդության, առողջության վնասման այլ պատճառներով), և նրան, իր մասնագիտությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի փոխադրել հնարավոր չէ` տվյալ կազմակերպությունում համապատասխան աշխատանք չլինելու պատճառով, ապա նրան օրենսդրությամբ սահմանված չափով վճարվում է նպաստ՝ մինչև նրա աշխատունակության մասին պետական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից եզրակացություն ստանալը: Եթե աշխատողը աշխատանքում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրված չի եղել, ապա աշխատունակությունը կորցնելու աստիճանը որոշելուց հետո գործատուն նրան վճարում է վնասի հատուցում: Բացի այդ, նաև ռեալ հասցված վնասի՝ տվյալ դեպքում բուժման ծախսերի փոխհատուցում պետք է տրվի, եթե անգամ բուժումը արտերկրում է անցկացվում։ Դա այն կազմակերության պարտավորությունն է, որտեղ քաղաքացին վնասվածքը ստացել է անվտանգության կանոնները չապահովելու հետևանքով»,- պարզաբանում է փաստաբանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացված տեղեկատվության հիման վրա հարուցում է վարչական վարույթներ, որոնց ժամանակ իրականացվում է աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում, վերլուծում, և դրանց կանխարգելման նպատակով գործատուներին տրվում են կարգադրագրեր՝ խախտումները վերացնելու մասին, ինչպես նաև իրականացվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ։

Տեսչական մարմինը այս դեպքի ծառայողական քննության և տեխնիկական քննության նյութերը չի ստացել։ Դեպքի մասին չի ստացել նաև ահազանգ կամ դիմում, սակայն սույն թվականի մարտի 13-ին դեպքի վերաբերյալ տեսչական մարմին ստացվել է դիմում, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։

2022 թ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում հարուցվել է 978 վարչական վարույթ։ Վարչական վարույթների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ որպես պատասխանատվության միջոցներ ընդունվել է 587 որոշում տույժ նշանակելու մասին։

Միայն վերջին 2 տարիների ընթացքում՝ 2021-2022 թվականներին, գրանցվել է 17 մահ՝ աշխատավայրում դժբախտ պատահարի հետևանքով։