Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ը հանդիպել է ուսանողներին

ՄԻՊ-ը հանդիպել է ուսանողներին
Հասարակություն
15:46, 29 апрель 2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի սաներին: 


Ինչպես հայտնեցին ՄԻՊ գրասենյակից, պաշտպան Անահիտ Մանասյանն առաջին կուրսի շուրջ 40 ուսանողի ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները: 

 Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն ու կառույցի ներկայացուցիչները պատասխանել են ուսանողների հարցերին, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերին: Ընդգծվել է հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի կարևորությունը:


Հյուրերին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը, ինչպես նաև երեխաների՝ Պաշտպանին դիմելու հասանելիությունն ու մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները, ինչը հնարավորություն է տալիս երեխաներին ուղիղ կապի միջոցով բարձրաձայնել հանդիպող խնդիրների մասին՝ նպաստելով առավել արդյունավետ արձագանքմանը:

Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկելու երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև իրավապահ մարմիների հետ առնչության դեպքում երեխաների իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր։

Հնչել են նաև բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում էլ ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները, ինչպես նաև բռնությունը չհանդուրժելու և չթաքնցելու կարևորությունը։

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ-ի դռներն ուսանողների առջև միշտ բաց են։ 

«Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և դառնալու են բարի ավանդույթ».- հավելել է Պաշտպանը: