Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարող ենք մատների վրա հաշվել երկրներ, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել, միաժամանակ պետությունը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի. վարչապետ

Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ներկաների հարցերին, անդրադարձավ Հայաստանի՝ հնարավոր նոր պատերազմին պատրաստ լինելու մասին հարցին՝ նշելով, որ աշխարհի երկրների 70 տոկոսը չի կարող ինքնուրույն պաշտպանել իր անվտանգությունը։  

«Կարող ենք մատների վրա հաշվել երկրներ, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել, հետևաբար պետք է մենք կարողանանք կառավարել պատերազմի հավանականությունը։ Առնվազն նկատելի է, որ մեր միջավայրում կան ուժեր, ովքեր ուզում են մեզ՝ որպես պետություն ոչնչացնել, և մեր առաջին ռեակցիան պետք է լինի այդ ցանկությունը կառավարելը։ Անվտանգության միայն մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը։ Օրինակը, որ ես բերեցի՝ այդ 70 տոկոս երկրները, որոնք ինքնուրույն չեն կարող իրենց անվտանգությունն ապահովել, ո՞նց են ապահովում իրենց անվտանգությունը՝ խաղաղության շնորհիվ։ Որ պահին պատերազմ սկսվի, այդ երկրները չեն կարող դիմակայել»։ 
Փաշինյանը նշեց, որ 2020-ի պատերազմը չկառավարելու պատճառն այն էր, որ պետք է մի շարք արձանագրումներ արվեին, որոնք որևէ կերպ հնարավոր չէր անել։ 

Միաժամանակ, վարչապետը նշեց, որ պետությունը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի՝ ցանկացած պահի, բայց, ցավոք, դա միշտ չի, որ հնարավոր է լինում իրականացնել։