Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խնդիրները կառավարելու մոտեցումներից մեկը անվտանգային նոր կոմպոնենտների ավելացումն է, բայց դրանք կարող են նոր ռիսկեր ավելացնել․ վարչապետ

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Սարգիս Խանդանյանը վարչապետից խնդրեց գնահատել մեր տարածաշրջանում իրադրության ռազմավարության վիճակը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ միջազգային իրադրությունը ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա, նաև՝ հակառակը։

Եթե կարճ, ըստ Փաշինյանի, մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացել են, դեֆորմացված են կամ դեֆորմացվում են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների։
«Այսինքն, այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր մեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն, չի գործում բավարար արդյունավետությամբ», - ասաց վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ այդ խնդիրները կառավարելու համար մի քանի մոտեցում կա, որոնցից մեկն այն է, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացվեն այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի, որովհետև նոր կոմպոնենտները կարող են գոյություն ունեցող որոշ ռիսկեր կառավարել, սակայն մյուս կողմից կարող են նոր ռիսկեր ավելացնել։

«Ռազմավարական առումով, եթե հարց տանք, թե ի՞նչն է կամ ո՞վ է, որ կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը, պատասխանը միանշանակ է, որ անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը», - ասաց Փաշինյանն ու ավելացրեց․ «արդյո՞ք իրատեսական է խաղաղությունը։ Այո՛, իհարկե հնարավոր է, բայց պետք է նաև հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպե՞ս է դա հնարավոր։ Այստեղ կա երկու կոմպոնենտ՝ խաղաղության հասնելու քաղաքական կամք և դրան հասնելու պարամետրերի մանրամասները։ Ակնհայտ է, որ կամք մենք ունենք։ Խնդիրը հետևյալն է՝ ինչքանո՞վ մեզ կհաջողվի բանակցային  գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ-ի կամ ՀՀ ժողովրդի համար։ Որովհետև կա տարբերակ, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար, կարող են լինել պարամետրեր, որ խաղաղությունը իրատեսորեն հնարավոր է, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ-ի և նրա ժողովրդի համար։ Հետևաբար մեր խնդիրն է կարողանակ իրատեսությունը, ընդունելիությունը և հարցի հետ կապված էմոցիոնալ ֆոնը հնարավորինս բալանսավորել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խանդանյանն արձանագրեց, որ միջազգային իրավիճակը շարունակում է անհանգիստ և անորոշ մնալ։ Հետևաբար հարց է ծագում՝ արդյո՞ք այս պայմաններում այն, ինչ որ անում է իշխող ուժը բավարար է և հույսեր ներշնչու՞մ է, որ հնարավոր կլինի հասնել խաղաղ հանգրվանի։
Փաշինյանն ասաց․ «դա այնքան պայմանական բան է, որ քանի դեռ չունենք տևական խաղաղություն, նշանակում է, որ ինչ-որ մեկը բավարար ջանքեր չի գործադրում։ Թե ո՞վ է այդ ինչ-որ մեկը, այլ հարց է, բայց մենք էլ պետք է փորձենք բավարար չափով ջանքեր գործադրել»։

Վարչապետը նաև ֆիքսեց, որ գլոբալ անորոշությունների ժամանակաշրջանում ենք ապրում և Հայաստանն, ըստ էության, ականապատ դաշտի միջով է քայլում և ինչքան ավելի քայլում ենք այդ դաշտով, այդ ականներն ավելի են խտանում, ինչը լրացուցիչ ջանքեր ու ճկունություն է պահանջում։