Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ, և իմ որդին էլ հերոս չէ. վարչապետ

«Հարցն ունի 3 հարթություն՝ իրավական, բարոյական և քաղաքական»,- այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործին առնչվող կրագրողի հարցին, և հավելեց, որ իրավական հարթության մասին արդեն խոսել է:

«Ես ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների, նրանց շիրիմների առաջ և խոնարհվում եմ մեր բոլոր զոհված զինծառայողների ծնողների առաջ անխտիր և խոնարհվում եմ Հայաստանի Հանրապետությանը զինվոր տված ցանկացած ծնողի առաջ ու Հայաստանի Հանրապետության առաջ իրենց օրենսդրական և սահմանադրական պարտքը կատարած բոլոր զինվորների առջև»,- ընդգծեց վարչապետը:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, դեպքը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանի հետ, ով 2020թ. սեպտեմբերյան պատերազմի ժամանակ որպես կամավոր զինվորագրվել է բանակին, ընդ որում, ՀՀ օրենսդրության համաձայն, նա զորակոչի ենթակա չի եղել, որովհետև նոր էր ավարտել զինծառայությունը. «Բնականաբար, նա իր այդ որոշումը քննարկել է իր ընտանիքի հետ: Մարտական մի հանձնարարության ժամանակ նա հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ, որի ժամանակ իր ծառայակից ընկերը զոհվել է: Կարծում եմ՝ պարզ է բոլորիս, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք չէր կարող կանխորոշել, որ այդ բեկորը չէր սպանելու իմ որդուն: Ես ուզում եմ հարց տալ՝ եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս: Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է՝ Աննա Հակոբյանը էլ հերոսածին մայր չէ՞. ինչո՞վ հերոսածին մայր չէ: Այսինքն՝ մարդիկ ուզում են ավարտին հասցնել այն առաքելությունը, որը ավարտին չի հասցրել ադրբեջանական բեկո՞րը. ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ իմ որդին հերոս չէ»:

Վարչապետը նաև նշեց՝ ՀՀ-ում իրավակարգ պե՞տք է լինի, թե՞ ոչ: 

Խոսելով նաև այն մասին, թե դա իբր սադրանք է եղել, և թե ինչու է Աշոտ Փաշինյանը այդ պահին եղել այնտեղ, վարչապետը նշեց. «Որովհետև մենք այդ կողքի շենքում տուն ունենք, եթե հիշում եք, և առավոտը իր տնից դուրս է եկել գնալու ինչ-որ մի տեղ»: