Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կա մեծ թվով խավ, որը ունի թուրք-ադրբեջանական կողմնորոշում․ Քոչարյանի աջակից Լարիսա Ալավերդյան

Հայաստանում կա մեծ թվով խավ, որը ունի թուրք-ադրբեջանական կողմնորոշում․ Քոչարյանի աջակից Լարիսա Ալավերդյան
Հասարակություն
18:46, 28 июнь 2021
Պետք է առերեսվենք իրականությանը, այն է՝ Հայաստանում կա թուրք-ադրբեջանական քաղաքական կողմնորոշում ունեցող խավ։ Ըստ «Փաստինֆո»-ի այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ խոսքն էթնիկական ծագման մասին չէ: Ինչպես հայտնի է՝ Ալավերդյանը Քոչարյանի աջակիցներից է։ 

«Մեր խնդիրն է `հստակ առերեսվել իրականության հետ: Հայաստանում կա մեծ թվով խավ, որը ունի թուրք-ադրբեջանական կողմնորոշում: Դա նշանակում է, եթե անգամ այդ մարդիկ չգիտեն, պետք է հասկանան, որ թուրքերի և ադրբեջանցիների նպատակն է հայերի ցեղասպանությունը և իրենց դուրս մղումը տարածաշրջանից, կամ հայերին թրքացնելը, կամ ստրուկ դարձնելը», - շարունակել է Ալավերդյանը:

ՀՀ առաջին ՄԻՊ-ը հավելել է, որ այն խավը, որը համոզված է, որ առոք-փառոք կապրի Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում, պետք է հրաժարվի իր տեսանկյունից, այդպես չի լինելու:

Առնվազն հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում  ներկա ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ՀՀ քաղաքացիների մասին Ալավերդյանի արտաբերած ատելության խոսքի վերաբերյալ, և  ինչո՞ւ չի արտահայտվում․ ներս գցելը վնասակար է առողջությանը։