Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կասեցրել է ԵԽԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները

Հայաստանը կասեցրել է ԵԽԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները
Հասարակություն
10:13, 02 март 2021
Թուրքիայի Կարս քաղաքում այս տարվա փետրվարի 1-12-ն անցկացված Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի համատեղ լայնածավալ «Ձմեռ 2021» զորավարժությանը ՀՀ կողմից դիտորդներ չեն հրավիրվել։ Այս մասին Lragir.am-ի հարցմանն  ի պատասխան տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Անդրադառնալով հարցին, թե 2020 թվականի ընթացում ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում թուրք տեսուչների կողմից Հայաստանում տեսչական այցեր անցկացվե՞լ են, իր հերթին՝ Հայաստանի տեսուչների կողմից Թուրքիայում տեսչական այցեր անցկացվե՞լ են, ՊՆ-ից տեղեկացնում են․ «Covid-19 համավարակով պայմանավորված՝ 2020 թվականին բոլոր տեսակի տեսչական այցերը ԵՍԶՈւ պայմանագրի կողմերի և ԵԱՀԿ մասնակից պետությունների միջև դադարեցվել են»։

Միաժամանակ, Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 2020թ. հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածությանը Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության և հուլիսի 29-ին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների մոտակայքում թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժության մեկնարկից հետո ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ տեղեկացնելով, որ Հայաստանն այսուհետ կասեցրել է ԵԽԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը ՀՀ տարածքում անցկացվելիք տեսչական այցերին

«Հայաստանը նման քայլի դիմել է ԵԽԶՈւ պայմանագրի և Վիեննայի 2011թ. փաստաթղթի սկզբունքների հիման վրա՝ ելնելով Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից», նշվում է ՊՆ պատասխանում։