Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Mezzo» հեռուստաալիքը կցուցադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները

«Mezzo» հեռուստաալիքը կցուցադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները
Մշակույթ
15:00, 16 январь 2024
Ֆրանսիական հեղինակավոր «Mezzo» հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024 թվականի փետրվարի 1-ին «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ իր առաքելությանը, արտասահմանյան լսարանին է ներկայացնում հայ կոմպոզիտորական արվեստը։ Համերգների ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ավետ Տերտերյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Կշարունակի ցուցադրվել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Mezzo» հեռուստաալիքի  նկարահանած փաստագրական ֆիլմը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին (ֆիլմի պրեմիերան «Mezzo»-ի եթերում կայացել է 2023 թվականի դեկտեմբերին)։

Համերգները և ֆիլմը հնարավոր է դիտել՝ հետևելով կայքում տեղադրված ժամանակացույցին՝ https://www.mezzo.tv/en/Khachaturian-12378 ։