Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ն իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման մրցույթ է հայտարարել. Դեկան Գագիկ Ղազինյանին հրաժե՞շտ կտան

ԵՊՀ-ն իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համալրման մրցույթ է հայտարարել. Դեկան Գագիկ Ղազինյանին հրաժե՞շտ կտան
Գիտություն
17:53, 13 март 2024
ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում 2024 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 13.30-ին, տեղի կունենա ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն։ «Երևանի պետական համալսարան» հիմ­նադրամը այդ նպատակով մրցույթ է  հայտարարել։ «Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի պարտականությունների ժ/կ-ի՝ 2024 թ. մարտի 4-ի թիվ 44/12-Լ հրամանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմ­նադրամը հայտարարում է մրցույթ»,- նշված է հայտարարության մեջ: 

ԵՊՀ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից  civic.am-ը տեղեկացավ, որ պաշտոնի հավակնորդը պետք է ունենա ֆակուլտետի ուղղությանը համապա­տասխանող գիտական աuտիճան ու կոչում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբա­ժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 3-րդ կետ): Ֆակուլտետի դեկանն ընտրվելու է ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում («ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ընտրության ընթացակարգի» 4-րդ կետ):

Նշենք, որ հիշյալ ֆակուլտետի դեկանը (1996-ից) վաստակավոր իրավաբան, պրոֆեսոր  Գագիկ Ղազինյանն է, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, մանդատը վայր դրած  Արթուր Ղազինյանի հայրը։ Գագիկ Ղազինյանը, հիշեցնենք, 2013-ին ձևավորված՝ Սերժ Սարգսյանին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր։ Նա նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 1999-ին արժանացել է Մխիթար Գոշի մեդալի։ Հիշեցնենք՝ երբ  նոր՝ 2015-ի փոփոխություններով կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Սերժ Սարգսյանի հագով կարված» Սահմանադրության նախագծի վերաբերյալ   իր բացասական կարծիքը հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ նոր Սահմանադրությունը  գերազանցեց իր վատագույն սպասումները, լրագրողներից մեկը խնդրել էր Գագիկ Ղազինյանի մեկնաբանությունը նախկին նախագահի գնահատականի վերաբերյալ։ Պրոֆեսորը, սակայն, հրաժարվել էր մեկնաբանել՝  պատճառաբանելով՝ ինքը ընդհանրապես քաղաքական գործիչների դիտարկումները չի մեկնաբանում, առավել ևս՝ նախկինների:

Ուշագրավ է, որ մամուլում, մասնավորապես յուրային կայքերի և տելեգրամյան ալիքների միջոցով արդեն իսկ քարոզչական արշավ է սկսվել ի պաշտպանություն Ղազինյանի։ Ընթերցողի մոտ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իբր նոր դեկանի ընտրությունները կանխորոշված են, Գ. Ղազինյանին  «խանգարելու» են, որ չվերընտրվի։ Եվ, իբր, այս ամենը արվում է  ի կատարումն ՀՀ վարչապետի հրահանգի, որը մտադիր է  ֆակուլտետի դեկան դարձնել  իշխանության «սրտի թեկնածուին»։ 

Հարկ է հիշեցնել, որ օրերս  կայքերից մեկը, հղում անելով ինչ-որ տելեգրամյան ալիքի, գրել էր, թե իբր «ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է ստանալ ԵՊՀ գիտական խորհրդի աջակցությունը և խանգարել վերընտրվել իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին»։  Այս հրապարակման վերաբերյալ ԵՊՀ հիմնադրամը դատական հայց է ներկայացրել կայքի դեմ և պահանջում է  հիշյալ կայքի միջոցով  գրավոր նյութի հրապարակման և տեսանյութի ցուցադրման ձևով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։