Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին
Գիտություն
13:02, 22 декабрь 2021
ԿԳՄՍ փոխնախարար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ)  խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն այսօր ռեկտորատի անդամներին ներկայացրեց ռեկտորի նորանշանակ պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանին։

Փոխնախարարը վստահեցրեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Մանկավարժական համալսարանում և հանդիսանալ բուհի խորհրդի նախագահը, ինչն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է իր և խորհդրի բոլոր անդամների համար։

«Այստեղ եմ բուհի խնդիրների և անելիքների մասին խոսելու, ինչպես նաև ներկայացնելու ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարին, թեև Սրբուհի Գևորգյանը նոր մարդ չէ համալսարանում։ Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը շատ ավելի լավ կարող է մեզ ներկայացնել Սրբուհի Գևորգյանի գործունեությունը»։ ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց Սրբուհի Գևորգյանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար։

Ժաննա Անդրեսայանն առանձնակի կարևորեց, որ Սրբուհի Գևորգյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ և ունի կառավարման հարուստ փորձ, ինչպես նաև գիտական մի շարք հանդեսների խմբագրական խորհրդի անդամ է, մասնագիտական խորհրդի ղեկավարման փորձ ունի։ Նա հույս հայտնեց, որ բուհում կստեղծվի աշխատանքային պատշաճ մթնոլորտ, որում յուրաքանչյուր աշխատակից կզբաղվի բուհի առջև ծառացած խնդիրներով։

ԿԳՄՍՆ-ի և ՀՊՄՀ-ի խորհրդի անդամների անունից Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր այն խնդիրների լուծման համար, որոնք առաջացել են բուհի խորհրդի՝ տևական ժամանակ չգործելու պայմաններում և պահանջում են հրատապ լուծում։ Նա վստահեցրեց, որ պատրաստ են լսել յուրաքանչյուրի դիտարկումներն ու առաջարկները, կազմակերպել հանդիպումներ՝ ի նպաստ Մանկավարժական համալսարանի ռազմավարական խնդիրների շուտափույթ լուծման։

Փոխնախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց Սրբուհի Գևորգյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և մաղթեց հաջողություններ ու ձեռքբերումներ։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և վերահաստատեց՝ Մանկավարժական համալսարանում է՝ սկսած 1985 թվականից, երբ սկիզբ դրվեց մասնագիտական կրթության։ Նա վստահեցրեց, որ իր գործունեության երկարամյա փորձի շնորհիվ քաջատեղյակ է կադրերի պատրաստման և գիտական զարգացումների ուղղությամբ եղած բացերին ու խնդիրներին։ Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել առաջնահերթ խնդիրների լուծմանը, քանի որ բուհն ունի մասնագիտական պրոֆեսիոնալ ներուժ։

Նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրեց նաև նոր չափորոշիչների, մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքերը, ապա անդրադարձավ վերապատրաստումների հաջողված վերջին փորձին ու դրա արդյունքներին։

«Ունենք ոգևորող արդյունք, քանի որ առաջարկ է եղել ունիֆիկացնել բուհի առաջարկած ներառարկայական, մասնագիտական ծրագրերը բոլորի համար։ Մենք քաջ գիտակցում ենք, որ ուսուցչի վերափոխման բովանդակային բաղադրիչը մեծապես կախված է Մանկավարժական համալսարանի գործունեությունից»,- նշեց Սրբուհի Գևորգյանն ու հավելեց, որ աշխատանքներ են տարվում առարկայական նկարագրերի լրամշակման ուղղությամբ։

Ռեկտորի պաշտոնակատարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց վստահության համար և տեղեկացրեց, որ արդեն իսկ կան այս ժամանակաշրջանի համար ռազմավարական ծրագրով առանձնացված խնդիրների լուծման համար որոշակի մշակումներ և մոտեցումներ։