Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միասնական քննությունների ընդհանուր դիմորդների թիվը 11486 է, ամենապահանջված բուհը ՝ ԵՊԲՀ, մասնագիտացումը՝ բուժական գործ

Միասնական քննությունների ընդհանուր դիմորդների թիվը 11486 է,  ամենապահանջված բուհը ՝ ԵՊԲՀ, մասնագիտացումը՝ բուժական գործ
Գիտություն
14:43, 14 май 2021
Բուհերի ընդունելության հայտերի առաջին փուլը մենք արդեն ավարտել ենք, պատրաստվում ենք քննությունների։ Հայտերն ընդունվել են ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին այսօր նշեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Հայտերի ընդունման ժամանակ որևէ խնդիր, խափանում մենք չենք ունեցել և 24 ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել», - նշեց նա։

Նասիբյանի խոսքով՝ հայտագրման առաջին փուլում  ներառվել է բուհի և մասնագիտության ընտրությունը, և այդ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումն ու քննությունների հանձնումը։

«Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպեցին մեկ փուլով։ Այս տարի կազմակերպվելու է նախորդ տարիների նման՝ 2 փուլով և առաջին ու երկրորդ փուլերը հավասարազոր ընթացակարգեր են պարունակելու։ Այս երկու փուլերի ավարտից հետո, միայն, անց է կացվելու մրցույթ։ Այսինքն՝ մրցույթը լինելու է մեկ հատ, իսկ քննությունների և հայտագրման փուլը բաժանվել է 2 մասի», - ասաց նա։

Ըստ պարոն Նասիբյանի՝ երկրոդ փուլը նախատեսվում է բանակից զորացրվածների,Սփյուռքից եկած հայրենակիցների,ինչպես նաև,այն դիմորդների համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել։ 

Առաջին փուլն ավարտելուց հետո ձևավորվել է հետևյալ պատկերը․ միասնական քննություններ հանձնողների թիվը Հայաստանում 10․957 է, Արցախի Հանրապետությունում՝ 529․ «Բանն այն է, որ Արցախի Հանրապետությունը քննությունները կազմակերպում է այստեղի թեստերով և, բնականաբար, այնտեղ էլ քննության օրերը նույն օրերն են, ինչ ՀՀ-ում»։

Նասիբյանի փոխանցմամբ՝ միասնական քննությունների ընդհանուր դիմորդների թիվը 11486 է։ Ներբուհական քննություններ հանձնողների թիվը 1899 է (ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները)։ Բանավոր քննություններ հանձնողների քիվը՝ ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854 է։

«Դիմորդների թվով՝ առաջին տեղում մաթեմատիկան է, բացառությամբ Արցախի Հանրապետության և Տավուշի մարզի․ այնտեղ գերակշտում է Հայող լեզու և Հայ գրականություն առարկաների հանձնողների թիվը։ Հետո օտար լեզուներ, մասնավորապես, անգլերենը, և երրորդը՝ հայող լեզու և հայ գրականությունը», - նշեց նա։

Նասիբյանի խոսքով՝ այս տարի նախորդ թվականների նման չէ․ 3 միասնական քննություններից հանձնում են ընդամենը 2 քննություն և դիմորդներին տրված է ընտրելու հնարավորություն՝ Օտար լեզու կամ Հայոց լոզու․ «Դիմորդների զգալի մասը, կարելի է ասել, ընտրել է օտար լեզու։ Օրինակ՝ տնտեսագիտական մասնագիտությունում, իրավագիտական բլոկում․ մաթեմատիկան տնտեսագիտության համար պարտադիր էր, իսկ օտար լեզու կամ հայոց լեզուն ընտրովի, և դիմորդների մեծ մասը ընտրել է օտար լեզու»։

Դիմորդների թիվն, ըստ մասնագիտույթունների, հետևյալն է․ առաջին տեղում է Երևանի պետական բժշկական համալսարանի՝ բուժական գործ մասնագիտությամբ՝  591 դիմորդ։ Երկորդ տեղում՝ ԵՊՀ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՝ 337 հոգի։ Երրորդը՝ ԵՊՀ Իրավագիտույթան ֆակուլտետ՝ 304 դիմորդ։ 4-րդը՝ ՀՊՏՀ՝ ֆինանսերն ըստ ոլորտի՝ 245 դիմորդ և ԵՊԼՀ - Սոցիալական գիտություններ  և սերվիս բաժին՝ 245 դիմորդ։ 

Նասիբյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ, պատկերը միշտ էլ այսպիսին է եղել, բացառությամբ ԵՊԼՀ-ում Սոցիալական գիտություններ  և սերվիս բաժնի դեպքում։ Երևանի պետական բժշկական համալսարանը միշտ էլ առաջին տեղում է եղել։