Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի 6000 ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորման համար, առաջիկայում կհրապարակվի ատեստավորման ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ

Այս տարի 6000 ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորման համար, առաջիկայում կհրապարակվի ատեստավորման ժամանակացույցը․ ԿԳՄՍՆ
Գիտություն
18:09, 28 август 2023
2023թ․-ից կամավոր ատեստավորումն անցկացվում է ՀՀ-ի 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։ Կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչներն ստանում են ավելի բարձր աշխատավարձ։ ԿԳՄՍ նախարարությունից Civic.am-ին տեղեկացրեցին, որ այս տարի 6000 ուսուցիչ է դիմել կամավոր ատեստավորմանը մասնակցելու․ «Ատեստավորումն անցկացվում է սեպտեմբերին՝ առաջիկայում կհրապարակենք ժամանակացույցը»,- փոխանցեցին նախարարությունից։

Հարցին՝ Հայաստանում քանի՞ ուսուցիչ կա, ԿԳՄՍ նախարարությունից նշեցին՝ 40․000-ից ավելի։  

Նշենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն իրականացվում է 2021 թվականից, սակայն նախորդ տարիներին ոչ բոլոր դասարանների ուսուցիչների համար էր հասանելի ատեստավորման գործընթացը։ Կամավոր ատեստավորումը 2021թ հասանելի էր 7-12-րդ դասարանների կոնկրետ առարկաների ուսուցիչներին: 2022թ․ 5-12-րդ դասարանների ուսուցիչների համար է եղել հասանելի։ Երկու տարվա արդյունքում ավելի քան 1500 ուսուցիչներ օգտվել են համակարգից և ստացել հավելավճար: 

Նշենք, որ անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։ Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ուսուցիչ չաշխատող, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքում գտնվող անձինք։