Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զվարթնոց»-ում մարզասերները հանդիսավորությամբ դիմավորեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն հռչակված չարենցավանցի Յուրի Սաքունցին

Լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանում բարձր տրամադրություն էր տիրում։ Մարզասերները դիմավորում էին WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն հռչակված Յուրի Սաքունցին։

Դեկտեմբերի 9-10-ը Չեխիայի Ուստի-Նադ-Լաբեմ քաղաքում անցկացվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար, որում պայքարում էին WBF վարկածով Եվրոպայի գոտու համար։ Հայաստանը ներկայացնող Յուրի Սաքունցը եզրափակչում մրցեց Մոնղոլիան ներկայացնող Բազարգուր Յուդգերի հետ և նվաճեց բաղձալի գոտին։

 Յուրին  ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս է, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի բազմակի մեդալակիր, Գինեսի ռեկորդակիր։

Յուրին ընդամենը 2 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Ասաց, որ պետք է շատ աշխատել, մարզվել, և հաջողությունները իրենց սպասեցնել չեն տա։

Մարզիկը տպավորված էր  Չեխիայի  հայ համայնքի  միասնականությունից, նրանց ցուցաբերած աջակցությունից, ասաց, որ իրեն ռինգում օգնել է նաև հայերի ներկայությունը։

Այս հաղթանակը հնարավոր դարձավ նաև Չարենցավան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Գալստյանի և իր ընկերների շնորհիվ։ Նաև նրանք են հովանավորել, որ Յուրին կարողանա մասնակցել այս մրցաշարին։

Արթուր Գալստյանն ասաց, որ շարունակելու են աջակցել իրենց համաքաղաքացուն, իրենց չեմպիոնին, որպեսզի հասնի նորանոր հաջողությունների։

Հիշեցնենք, որ  Յուրին 10 ռաունդում մրցակցին հասցրած հարվածների ակնհայտ առավելությամբ հաղթել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Բազարգուր Յուդգերին։ Վերջինս իր սպորտային կարիերայում անցկացրել էր 34 մենամարտ։

Մանրամասն՝ տեսանյութում