Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինանսական տույժի մասին խոսք չկա. ամենավատ հետևանքը կարող է լինել այն, որ մեզ չտան Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը անցկացնելու իրավունք. ԿԳՄՍ փոխնախարար

Ֆինանսական տույժի մասին խոսք չկա. ամենավատ հետևանքը կարող է լինել այն, որ մեզ չտան Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը անցկացնելու իրավունք. ԿԳՄՍ փոխնախարար
Սպորտ
13:49, 17 апрель 2023
Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե իբրև Հայաստանը տուգանվել է 300.000 եվրոյով՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման միջադեպի պատճառով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը, ասաց. «Նորից պաշտոնապես հայտարարում եմ՝ որևէ ֆինանսական տույժի մասին խոսք չկա, ամենավատ հետևանքը կարող է լինել այն, որ մեզ չտան Ծանրամարտի աշխարհի 2024-ի առաջնությունը անցկացնելու իրավունքը, ինչը շատ վատ կլինի, բայց հիմա եղել է, ու մենք բանակցում ենք, որ այդպիսի հետևանքներ չլինեն»։ 

Գիլոյանի խոսքով՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է անթերի. «Սպորտային մասը կատարելապես արել ենք, որևէ մարդ չի տուժել, ոչ ոք ֆիզիկապես չի տուժել այդ միջադեպից։ Դրա համար, հաշվի առնելով այդ ամենը, գուցե ներողամիտ գտնվեն ու մեր խնդրանքը կատարեն՝ տան այդ իրավունքը»,- նշեց նա և պատասխանելով հարցին, թե ե՞րբ պարզ կլինի՝  ՀՀ-ում կանցկացվի՞ Աշխարհի առաջնությունը, թե՞ ոչ, ԿԳՄՍ փոխնախարարը պատասխանեց. «Դա կլինի ամռանը։ Իրականում մենք գործնականում արդեն ստացել ենք դրա իրավունքը, մեզ ասել էին, որ խնդիր չկա, և մնացել են թղթաբանական հարցեր, բայց այդ միջադեպի պատճառով... Ինչպես ասես՝ բանակցում ենք, փորձում ենք մեղմել, բացատրել, որ դա ընդամենը բացման արարողության ժամանակ է տեղի ունեցել։ Եվ հիմա մրցումները շատ բարձր մակարդակով անցկացնում ենք, և մեր արտասահմանցի գործընկերները միաբերան ասում են, որ սա օլիմպիական խաղերի մակարդակ է և շատ լավ կազմակերպված, որի նմանը չեն տեսել, ու շատ շնորհակալ են այդ ամենի համար։ Ես բառացիորեն փոխանցեցի իրենց խոսքերը»։ 

Գեղամ Ադյան