Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իսրայելում իր դիվանագետներին Իրանի հնարավոր հարվածների մասին. հարձակումն սպասվում է առաջիկա 1-2 օրը

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իսրայելում իր դիվանագետներին Իրանի հնարավոր հարվածների մասին. հարձակումն սպասվում է առաջիկա 1-2 օրը
Աշխարհ
11:41, 12 апрель 2024
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կարգադրել է իր աշխատակիցներին դուրս չգալ Երուսաղեմի, Թել Ավիվի և Բեեր Շևայի սահմաններից «անվտանգության նկատառումներից ելնելով», գրում է BBC-ն։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը լրագրողների հետ զրույցում չի բացահայտել, թե ինչի հետ են կապված այդպիսի նախազգուշական միջոցները՝ հավելելով միայն, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում և հատկապես Իսրայելում սպառնալիքներին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հարվածներ հասցնել Իսրայելի թիրախներին՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների վերջին սպանությունների։

Սպիտակ տան ղեկավարը հավելել էր, որ այդ սպառնալիքների լույսի ներքո Իսրայելին ամերիկյան աջակցությունը կշարունակի մնալ «երկաթյա»։ The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Իսրայելն Իրանից ուղիղ հարձակում է սպասում առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ հարձակման են ենթարկվելու երկրի հարավը կամ հյուսիսը։

Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները նշում են, որ իրանական հարձակումը կլինի սահմանափակ՝ տարածաշրջանում իրավիճակի էսկալացիա թույլ չտալու համար։