Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանը խզել է 1,5-2 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը թուրքական ընկերությունների հետ

Հնդկաստանը խզել է 1,5-2 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը թուրքական ընկերությունների հետ
Աշխարհ
13:40, 18 апрель 2024
Հնդկաստանը խզել է պայմանագիրը թուրքական ընկերությունների հետ, որոնք պետք է մասնակցեին աջակցության նավերի կառուցմանը։ Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հնդկական Hindustan Shipyard Limited (HSL) ընկերությունը խզել է բոլոր պայմանագրերը թուրքական ընկերությունների հետ՝ հնդկական ռազմածովային ուժերի համար հինգ աջակցության նավերի կառուցման վերաբերյալ։ HSL-ն ինքնուրույն կիրականացնի կառուցումը։

Նախագիծը, որը գնահատվում է 1,5-2 միլիարդ դոլար, ի սկզբանե նախատեսում էր տեխնոլոգիաների փոխանցում Anadolu նավաշինական գործարանից, որը մտնում է թուրքական TAIS կոնսորցիումի մեջ, որի հետ HSL-ը տեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրել 2020 թվականին: Թուրքական ընկերությանը նախագծից բացառելու որոշումը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, կայացել է Պակիստանի հետ համագործակցության և Թուրքիայի հակահնդկական դիրքորոշման ֆոնին, հատկապես Քաշմիրի հարցում։  

2023 թվականի օգոստոսին HSL-ի հետ ստորագրված պայմանագիրը ենթադրում է աջակցության հինգ նավերի մատակարարում Հնդկաստանի ռազմածովային ուժերին՝ սկսած 2027 թվականի կեսերից: Նշվում է, որ ավելի քան 40 հազար տոննա ջրատարողությամբ այս նավերը վճռորոշ դեր կխաղան Հնդկաստանի ռազմածովային ուժերի հնարավորությունների ընդլայնման գործում։