Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ր երկրներն են կորոնավիրուսի դեմ պատվաստումները դարձրել պարտադիր

Ո՞ր երկրներն են կորոնավիրուսի դեմ պատվաստումները դարձրել պարտադիր
Աշխարհ
19:18, 07 октябрь 2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պարտադիր կիրառումը բուռն քննարկումների և քննադատությունների է արժանանում: Այս մոտեցումը, սակայն, կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: 

ԱՄՆ-ում նոր կանոններով պահանջվում է, որ դաշնային աշխատողները, ինչպես նաև 100-ից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերությունների աշխատակիցները պարտադիր կա՛մ  պատվաստվեն, կա՛մ դիմեն պարտադիր թեստավորման: Այս նոր խստացումները վերաբերում են շուրջ 17 միլիոն բուժաշխատողների, ինչպես նաև պետական դպրոցներում և ծրագրերում գործող մանկավարժներին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգապետերին կոչ է արել պարտադիր պատվաստումներ  սահմանել նաև դպրոցների աշխատակիցների համար:

Ընդհանուր առմամբ 80-100 միլիոն քաղաքացու է վերաբերում այս պարտադիր կանոնը, որն ԱՄՆ-ում կիրականացվի՝ համաձայն աշխատանքային առողջության մասին օրենսդրության: Լոս Անջելեսի ամենամեծ դպրոցներից մեկում 12 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար Covid 19-ի դեմ պատվաստումը նույնպես պարտադիր է դարձել: Իսկ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունն իր հերթին հայտնել է, որ նրանք շուրջօրյա ծանր աշխատանքներ են տանում, որպեսզի պատվաստանյութերը թույլատրվեն կիրառել նաև փոքր երեխաներին:

Մի շարք այլ երկրներ, ներառյալ Ավստրալիան, Ֆրանսիան, Անգլիան և Ուելսը, նույնպես պատվաստումը պարտադիր են դարձրել բուժաշխատողների և ծերանոցների անձնակազմի համար: 

Ֆրանսիան առաջիններից մեկն էր, որն այս ամառ անցավ բուժաշխատողների պարտադիր պատվաստումների, իսկ Հունաստանը հուլիսին պարտադիր դարձրեց պատվաստումները կրկին ծերանոցների անձնակազմի, իսկ սեպտեմբերից նաև՝ բուժաշխատողների համար:
Հունաստանն այնուհետև պետական և մասնավոր սեկտորի աշխատակիցների համար ներկայացրեց պարտադիր շաբաթական թեստավորման պահանջ, ըստ որի՝ նրանք կա՛մ ստիպված կլինեն վճարել շաբաթական թեստերի համար, կա՛մ իրենց աշխատանքի վայր կկարողանան մուտք գործել միայն պատվաստման վկայական ունենալու դեպքում: Այս երկրում՝ նոր միջոցառումների շրջանակներում, միայն պատվաստված հաճախորդներին է թույլատրվում  հաճախել բարեր, կինոթատրոններ, թատրոններ և այլ փակ տարածքներ:
Իտալիան կարգադրել է չվճարել առողջապահության ոլորտի այն բոլոր աշխատողների, ներառյալ դեղագործների, աշխատավարձերը, որոնք պատվաստված չեն:

Օգոստոսի 13-ին Կանադան էր հայտարարել, որ շուտով կպահանջի բոլոր պետական ծառայողներից և այլ աշխատակիցներից պարտադիր պատվաստվել: Պատվաստման պարտադրանքը կտարածվի նաև օդային, գնացքով և զբոսաշրջային նավերով ճանապարհորդների վրա:
Ֆիջիի Հանրապետությունն ավելի խիստ էր՝ օգոստոսի 15-ին հայտարարելով, որ չպատվաստված պետական ծառայողները կհեռացվեն աշխատանքից:

Ֆրանսիայում սրճարաններում, բարերում և ռեստորաններում մուտքը միայն պատվաստման անձնագրերով դարձնելուց մեկ ամիս անց կորոնավիրուսով վարակակիրների թիվը կտրուկ նվազել է, ինչն էլ խրախուսել է միլիոնավոր մարդկանց պատվաստվել:

Սյուզի Սիրականյան