Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի պետբյուջեի մուտքերի ավելի քան 60 տոկոսն առաջին եռսամյակում ապահովել են 300 խոշոր հարկատուները

Արցախի պետբյուջեի մուտքերի ավելի քան 60 տոկոսն առաջին եռսամյակում ապահովել են 300 խոշոր հարկատուները
Տնտեսություն
11:02, 28 апрель 2021
Արցախի Հանրապետության առաջին 300 խոշոր հարկատուներն այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 3 միլիարդ 22,1 միլիոն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի 63,2 տոկոսը:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից, որը հրապարակել է Հանրապետության առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:

«Խոշոր հարկ վճարողների ցուցանիշներում արձանագրվել են էական փոփոխություններ`  պայմանավորված Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասներով, գործունեության ծավալների կրճատմամբ, ինչպես նաև դրույքաչափերի փոփոխությամբ: Հանրապետության թիվ 1 հարկատուի` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից այս տարվա 1-ին եռամսյակում վճարվել է   199 մլն դրամ հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 3 միլիարդ 311 մլն դրամ, ինչը պայմանավորված է վերջինիս ոչ ամբողջական ծավալով գործունեության իրականացմամբ»,-մանրամասնել են պետեկամուտների կոմիտեից:

Հրապարակված ցանկի համաձայն՝ Արցախի 300 խոշոր հարկատուների առաջին քառյակը գլխավորում են «Արցախբանկը», «Ղարաբաղ Տելեկոմ»-ը, «Արցախէներգո»-ն և «Բեյզ Մեթըլս»-ը: