Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար

Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար
Աշխարհ
11:28, 25 февраль 2022
Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, սակայն նրանք իրավունք կունենան նավատորմը վերադարձնել բազա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսների համար։

«Մենք պաշտոնական հարցում ստացանք Ուկրաինայից։ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չափազանց հստակ են և ճշգրիտ: 

Պատերազմի ժամանակ, որի կողմերից մեկը Թուրքիան չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակից երկրների դեմ։ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական մուտքը, սակայն Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա պետք է թույլ տալ նրանց»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում TGRT Haber-ը։

Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ.: Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի գտնվելը երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։