Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիուպոլից ուկրաինացիներին առաջարկվող տարհանման երթուղին ականապատված է. Կարմիր խաչ

Մարիուպոլից ուկրաինացիներին առաջարկվող տարհանման երթուղին ականապատված է. Կարմիր խաչ
Աշխարհ
13:33, 14 март 2022
Ուկրաինայի Մարիուպոլ նավահանգստի պաշարված քաղաքից խաղաղ բնակիչների համար նախատեսված տարհանման երթուղին ականապատված է, այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

ԿԽՄԿ-ի գործառնությունների տնօրեն Դոմինիկ Սթիլհարթը BBC-ի «Today» հաղորդման ժամանակ նշել է, որ կազմակերպությունը «օրեր շարունակ բանակցություններ է վարում երկու կողմերի հետ», սակայն հրադադարի մասին համաձայնագրերի մանրամասները հաստատելու հետ կապված խնդիրներ կան,  որպեսզի կարողանան հրետակոծված քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանել:

Նա նշել է, որ համաձայնագրերը «սկզբունքորեն»  խզվել են, քանի որ հստակ տեղեկություն չունեին երթուղիների և դրանցից օգտվելու մասին:

Սթիլհարթն ասել է, որ ԿԽՄԿ-ի որոշ աշխատակիցներ կիրակի օրը փորձել են դուրս գալ Մարիուպոլից, սակայն պարզել են, որ տարհանման համար նախատեսված ճանապարհը ականապատված է:

«Մենք մի խումբ ունենք Մարիուպոլում։ Նրանք երեկ պատրաստ էին դուրս գալ քաղաքից, չնայած այն հանգամանքին, որ համաձայնագրի պայմանները հստակ չէին։ Եվ հենց նրանք հասել են առաջին անցակետին, հասկացել են, որ իրենց ցույց տված ճանապարհն իրականում ականապատված է»։

«Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ ունենան հստակ պայմանավորվածություն, որպեսզի մենք կարողանանք օգնել այն իրականացնել տեղում»,- նշել է, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը։