Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ
Աշխարհ
16:51, 30 март 2022
Ադրբեջանն Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի նկատմամբ։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանցի պատգամավորի դեմ քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ նա դաշնային «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին Լեռնային իրավիճակի սրման ֆոնին։ Բացի այդ, Դելյագինը նմանատիպ բովանդակությամբ հարցում է անցկացրել իր Telegram ալիքում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պատգամավորի գործողություններում տեսել է ՔՕ 101.2 (ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչեր), 214.2.3 (ահաբեկչություն՝ հրազենի եւ որպես զենք օգտագործվող իրերի օգտագործմամբ) 283.1 եւ  283.2.2 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամություն հրահրում) հոդվածներում նշված հանցակազմի նշաններ:

Միխայիլ Դելյագինին մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Բացի այդ, ադրբեջանական կողմը «դիմել է մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին՝ մեղադրյալին այդ երկրների տարածքում հայտնվելու դեպքում անհապաղ կալանավորելու խնդրանքով»։