Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն առաջընթաց է գրանցել մի քանի ոլորտներում. Freedom House-ը հրապարակել է իր տարեկան զեկույցը

Հայաստանն առաջընթաց է գրանցել մի քանի ոլորտներում. Freedom House-ը հրապարակել է իր տարեկան զեկույցը
Աշխարհ
10:26, 20 апрель 2022
Freedom Hause-ը հրապարակել է իր Nations in Transit 2022 տարեկան զեկույցը՝ անդրադառնալով եվրասիական 29 երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ՝ 2004 թ-ից սկսած նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:

Հայաստանը, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն:

Հայաստանն առաջընթաց է գրանցել զեկույցի կողմից հետազոտվող մի քանի ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%:

Ըստ Freedom House-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի, ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:

Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թվականին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»:

Բացի այդ՝ նշվել է, որ ՀՀ-ն և Մոլդովան այն երկրների թվին են պատկանում, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության կողմից առաջ քաշված մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր իշխանական վերահսկողության ներքո։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ երկրորդ պատերազմին՝ նշելով, որ ԼՂ-ում ՀՀ ԶՈւ-երի դեմ սկսած Ալիևի զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել կամ տեղահանվել են։

Հայաստանը, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: