Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանի դեռ մենք այստեղ ենք, Մարիուպոլը Ուկրաինա է. «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ. BBC

Քանի դեռ մենք այստեղ ենք, Մարիուպոլը Ուկրաինա է. «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ. BBC
Աշխարհ
15:40, 22 апрель 2022
Ուկրաինական «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ մնացել են «Ազովստալ» գործարանի տարածքում՝ Մարիուպոլի վերջին հատվածը, որը ռուսական զորքերի կողմից չի գրավվել: Պալամարը նաև հայտարարել է, որ Մարիուպոլի պաշտպանները մտադիր չեն հանձնվել, բայց պատրաստ են լքել քաղաքը սեփական պայմաններով. այդ մասին համաձայնությունը պետք է երաշխավորված լինի երրորդ երկրի կողմից։

Երեկ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլը: Միևնույն ժամանակ, նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հրամայել է հրաժարվել «Ազովստալի» վրա հարձակումից, որպեսզի չվտանգի զինվորականների կյանքը, այլ արգելափակի արդյունաբերական գոտին, «որպեսզի ճանճը չթռչի»։

Մինչ այս Մարիուպոլում մի քանի շաբաթ կռիվներ են ընթացել, քաղաքը մարտի առաջին օրերից մնացել է շրջափակման մեջ։ Ըստ Ուկրաինայի՝ քաղաքի շենքերի մեծ մասն ավերվել է, քաղաքային իշխանություններն ասում են, որ ռմբակոծումների արդյունքում զոհվել է մոտ 20 հազար խաղաղ բնակիչ։

BBC-ին տված հարցազրույցում Պալամարը նկարագրել է վերջին օրերին ուկրաինացի զինվորականների և ռուսական բանակի առճակատումը հետևյալ կերպ. «Գիշերը նաև գրոհներ են եղել գործարանի վրա՝ ծովային հրետանու աջակցությամբ, նրանք կրակել են ծովից։ Օդից նետվում էին գերծանր հզոր ռումբեր՝ անընդհատ օդային հարվածներ էին տեղի ունենում։ Կրակում էին համազարկային կրակի հրետանային համակագերից, ինչպես նաև թնդանոթային հրետանուց:

Տանկերի օգնությամբ, ինչպես նաև հետևակի մարտական մեքենաներով ճեղքել են զինտեխնիկայի պատնեշը։ Մեծ թվով հետևակայիններ փորձում էին ճեղքել այն, որպեսզի հասնեն մեզ, սակայն չհաջողվեց։ Մենք ոչնչացրեցինք երեք տանկ, երկու MT-LB զրահափոխադրիչ, ինչպես նաև հակառակորդի մեծ թվով հետևակ։ Նրանք ձախողեցին իրենց հարձակումները»:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել նոր հարձակումները «Ազովստալի» ուղղությամբ։

Երեկ երեկոյան Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ չնայած Պուտինի հայտարարություններին՝ Մարիուպոլում մարտերը շարունակվում են։

«Դոնեցկի և  Տավրիայի ուղղություններում հակառակորդը փորձել է լիովին վերահսկել Մարիուպոլը։ Նա շարունակել է օդային հարվածներ հասցնել և հարձակման փորձեր կատարել նավահանգստի և «Ազովստալ» գործարանի տարածքում»,- ասվում է ուկրաինացի զինվորականների հայտարարության մեջ:

Սվյատոսլավ Պալամարը BBC-ին հայտնել է, որ զանգվածային ռմբակոծությունների արդյունքում գործարանի արդյունաբերական գոտում բազմաթիվ շենքեր են ավերվել։

«Ազովստալի» տարածքն ավերված է, օգտագործում են ծանր ռումբեր, հակաբունկերային ռումբեր, որոնք մեծ ավերածություններ են բերում։ Կան վիրավորներ, կան զոհեր։ Փլատակների տակ խաղաղ բնակիչներ են»,- ասել է նա։

Գործարանի տարածքում մնացած խաղաղ բնակիչների թվի մասին ստույգ տվյալներ չկան։ Ավելի վաղ Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտարարել էր, որ այնտեղ կարող է լինել 300-ից 1000 խաղաղ բնակիչ։ Պալամարը ասել է, որ նույնիսկ «Ազովստալը» պաշտպանող զինվորականները չգիտեն, թե քանի մարդ կա այնտեղ, քանի որ, վերջինիս խոսքով, կան անբողջովին ավերված տարածքներ, որտեղ նրանք չեն կարող հասնել մտշական գնդակոծությունների պատճառով։

Գնդի ներկայացուցչի խոսքով՝ այդ մարդիկ գտնվում են նկուղներում, որոնցից յուրաքանչյուրում կա «80-ից 100 մարդ»։

«Փոքր երեխաներ կան՝ երեք ամսական, 14 տարեկան երեխաներ, բունկերից մեկում կա 17 երեխա և մոտ 80 խաղաղ բնակիչ, սրանք կանայք են, սրանք տարեցներ են, սրանք տղամարդիկ են, ովքեր նաև չհասցրեցին հեռանալ։ Մեր հաշվարկներով՝ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են։ Ինչ կարող ենք անել նրանց համար, մենք անում ենք»,- նշել է Պալամարը։

«Ազովի» փոխհրամանատարի խոսքով՝ այդ մարդիկ զինվորականներից առանձին են ապրում, քանի որ ուկրաինական բանակը չի ցանկանում նրանց վտանգի ենթարկել։

Պալամարը նշել է, որ  իրականությանը չի համապատասխանում ռուսական իշխանությունների այն հայտարարությունները, թե «Ազովը», իբր, մարդկանց որպես կենդանի վահան է օգտագործում։ Նա ասել է, որ Մարիուպոլի պաշտպանները բազմիցս կոչ են արել քաղաքից տարհանել խաղաղ բնակչությանը, սակայն նման փորձերն ամեն անգամ ավարտվել են անհաջողությամբ։

«Օրեր առաջ՝ այն պահին, երբ ռուսական զորքերը հայտարարեցին տարհանման միջանցքի մասին, այդ պահին նույնիսկ հրետակոծությունները չեն դադարել։ Իսկ եթե մարդիկ անգամ ռիսկի դիմեին, կրակի տակ կհայտնվեին և կզոհվեին։ Նրանց համար նկուղից դուրս գալու տարբերակ չկա»,- ասել է Պալամարը։

Վերջինիս խոսքով՝ միջազգային միջնորդները կարող են օգնել շրջափակված «Ազովստալից» դուրս բերել թե՛ խաղաղ բնակիչներին, թե՛ քաղաքի պաշտպաններին։ Նա հայտնել է, որ նրանց թվում ավելի քան 500 վիրավոր կա:

Ուկրաինացի զինվորականները մտադիր չեն ընդունել կյանքեր փրկելու դիմաց հանձնվելու Ռուսաստանի առաջարկը։ Պալամարը կոչ է արել չհավատալ ռուսական իշխանությունների հայտարարություններին, թե իրենք վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլը։

«Ես միշտ ասում եմ, որ քանի դեռ մենք այստեղ ենք, Մարիուպոլը Ուկրաինա է, Մարիուպոլը միշտ Ուկրաինա է՝ անկախ նրանից, թե որևէ մեկը ինչ է ասում»,- ասել է «Ազովի» հրամանատարի տեղակալը։

 «Պայքարը շարունակվում է։ Մենք Մարիուպոլի տարածքում ենք»,- եզրափակել է նա։