Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խերսոնի կենտրոնում տեղադրվել է Ուկրաինայի դրոշը

Խերսոնի կենտրոնում տեղադրվել է Ուկրաինայի դրոշը
Աշխարհ
17:34, 11 ноябрь 2022
Նոյեմբերի 11-ի առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ քաղաքի կենտրոնում հայտնվել է Ուկրաինայի դրոշը։

Մասնավորապես, տարածվում է տեղացի բլոգերի հեղինակած լուսանկարը, որում մարզպետարանի շենքի հարակից տարածքն է, որտեղից հանվել է Ռուսաստանի դրոշը։

Ուկրաինայի դրոշը հայտնվել է ոչ թե մարզպետարանի տանիքին, այլ շենքի դիմաց գտնվող հուշարձանի պատվանդանին՝ այն շրջապատող ժապավենի տեսքով։

Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ դրոշը կախել են «պարտիզանները», իսկ Ուկրաինայի զինված ուժերը քաղաք չեն մտել։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։

«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,-ասել է Սուրովիկինը։

«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։