Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ով է փոխարինելու Ղարիբաշվիլիին. Կադրային փոփոխություններ Վրաստանի կառավարությունում. ԶԼՄ-ներ

Ով է փոխարինելու Ղարիբաշվիլիին. Կադրային փոփոխություններ Վրաստանի կառավարությունում. ԶԼՄ-ներ
Տարածաշրջան
13:49, 29 январь 2024
Վրացական լրատվամիջոցները հայտնել են Վրաստանի կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունների մասին։ Հաղորդվում է, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն փոխանակելու են պաշտոնները։

Տեղեկությունը տարածել են ընդդիմադիր հեռուստաընկերությունները։ Դա հաստատել է նաև կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը։ «Իմեդի»-ի փոխանցմամբ՝ «Երազանքի» քաղխորհրդի նիստը, որում կայացվել են կադրային որոշումներ, տեղի է ունեցել հունվարի 24-ին։ Փետրվարի 1-ին տեղի կունենա կուսակցության համագումար, որում կհաստատվեն վերադասավորումները, հաղորդում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կադրային փոփոխությունների մասին խոսակցություններն անվանել էր «սպեկուլյացիա»։ «Մթավարի» հեռուստաալիքի տվյալներով՝ Ջուանշեր Բուրչուլաձեի փոխարեն պաշտպանության նոր նախարար կարող է դառնալ պատգամավոր Իրակլի Չիկովանին։ Վերադասավորումները կարող են ազդել նաև այլ գերատեսչությունների վրա, այդ թվում՝ ԱԳՆ-ի, առողջապահության և արդարադատության նախարարությունների:
 
«Մթավարի»-ի   լրագրողները հնչեցրել են նաև վարկած այն մասին, որ իշխող կուսակցության նախագահ կարող է դառնալ Ուտա Իվանիշվիլին՝ միլիարդատեր և «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ավագ որդին։