Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը
Տարածաշրջան
10:45, 09 февраль 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախօրեին արված հայտարարությունը, որով նա հանդես է եկել Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։
«Մենք վճռականորեն հերքում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարությունը։ Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը փորձ է օգտագործելու այդ ինստիտուտները իր անհիմն պնդումների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Դարձյալ խոսելով անցած 30 տարիներին «Հայաստանի անպատժելիության» մասին՝ Հաջիզադեն ընդգծել է, որ «ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ վերջ դնելու միջազգային իրավունքի լուրջ խախտումների անպատժելիությանը, նպաստելու օրենքի գերակայությանը, հաստատելու, ամրապնդելու և շարունակելու խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանում Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ներկաներին հիշեցրել է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին՝ ընդգծելով՝ 2023-ին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը՝ անկեղծորեն հավատալով, որ այն մեծ ուժ ունի և կարող է վերացնել ամենածանր հանցագործությունները և վերջ տալ անպատժելիությանը։