Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Էրդողանի կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում
Տարածաշրջան
11:43, 01 апрель 2024
Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը  առաջ է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։ Ընտրատեղամասերի արձանագրությունների 99,82%-ի մշակումից հետո եղած տվյալներով, որոնք հրապարակել է Daily Sabah-ը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը  հավաքել է  ընդհանուր առմամբ ձայների 37,74%-ը, իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,49%-ը:

Մասնավորապես, քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուները հաղթում են խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Reuters-ը նշել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ցույց է տվել վատագույն արդյունք վերջին գրեթե 20 տարվա ընթացքում։ Այսպես, 2019 թվականի մարտին կայացած ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների ընդհանուր 44,33 տոկոսը, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 30,12 տոկոսը։

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների արդյունքները «շրջադարձային պահ» է անվանել։ Ելույթ ունենալով կուսակցության շտաբ-բնակարանում առաջին արդյունքների հրապարակումից հետո՝ Էրդողանը խոստովանել է, որ իր կուսակցությունը «կորցրել է ժողովրդականությունը»՝ ընդգծելով, որ քայլեր է ձեռնարկելու՝ հաշվի առնելու ընտրողների ցանկությունները: «Եթե մենք սխալ ենք թույլ տվել, կուղղենք այն: Եթե ինչ-որ բան պետք է ավելացվի, կանենք դա»,- ասել է նա։

Միաժամանակ Էրդողանն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքը վկայում է այն մասին, որ դրանք եղել են ժողովրդավարական։