Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սա դեպքերի շատ տագնապեցնող զարգացում է». ԵՄ-ն՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին

«Սա դեպքերի շատ տագնապեցնող զարգացում է». ԵՄ-ն՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին
Տարածաշրջան
17:33, 17 апрель 2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրոպական հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին մեկնաբանել են Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումը խորհրդարանի կողմից։

«Այսօր Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած Եվրամիության բազմաթիվ կոչերին՝ հրաժարվել այս օրենքից, և չնայած զանգվածային բողոքներին։ Սա դեպքերի շատ տագնապեցնող զարգացում է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի առաջընթացի վրա ԵՄ ճանապարհին: Այս օրենքը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին։ Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը նպաստում է երկրի բարեհաջող առաջընթացին ԵՄ անդամակցության ուղղությամբ։

Առաջարկվող օրենքը կսահմանափակի քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ազատ գործելու հնարավորությունը, կարող է սահմանափակել խոսքի ազատությունը և անարդարացիորեն խարանել այն կազմակերպություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի քաղաքացիներին: ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ օրենսդրության ընդունումից, որը կարող է սպառնալիքի տակ դնել Վրաստանի ուղին դեպի ԵՄ, ուղի, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։վ