Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին

Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին
Տարածաշրջան
22:48, 07 декабрь 2021

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Սամբուլում Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և գործադիր մարմնի ղեկավար Թահիր Բուդաքովի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի, ներկայիս իրավիճակի ու Հայաստանից ունեցած սպասելիքների մասին. գրում է ermenihaber-ը: 


Նա մասնավորապես ասել է. 

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի ոչ թե հայկական լոբբիի ցույց տված ուղղությամբ, այլ Հայաստանում ապրող հայ ժողովրդի շահերին համապատասխան: Որովհետև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ու այլ վայրերի հայկական լոբբիի ուղղությունն այլ է, Հայաստանի իրականությունը՝ այլ: Այս տեսանկյունից ակնհայտ է դարձել, որ որոշ կայսերապաշտ երկրների կողմից Կովկասն իրար խառնելու նպատակով Հայաստանին ցույց տված աջակցությունը ոչ մի արդյունք չի տվել:


Ուստի Ադրբեջանի կողմից օրակարգ բերված, նաև մեր նախագահի կողմից Բաքու այցի ընթացքում հայտարարված Կովկասի 6 տարածաշրջանային երկրների՝ իրենց հարցերը լուծելու համար հարթակի հիմնումը կարևոր քայլ է՝ ուղղված բոլոր երկրների բարօրությանն ու տարածաշրջանի ապագային և կայունությանը»:  


Քուրթուլմուշը նաև խոսել է պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած բազմակողմանի աջակցության ու դրանից հետո շարունակվող աննախադեպ համագործակցության մասին՝ շեշտելով, որ դրա արդյունքում 2 երկրների հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել: Նա ավելացրել է նաև, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ էլ 2 երկրների հարաբերություններում նոր շրջան է բացվել: