Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Էրդողանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Էրդողանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Տարածաշրջան
17:51, 28 декабрь 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը այսօր հայտարարել է, որ ինքը նախաձեռնել է Էրդողանի թեկնածության առաջադրումը այդ հեղինակավոր մրցանակին՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ջանքերում ներդրած ավանդի համար», հաղորդում է Anadolu գործակալությունը։

Շենթոփի խոսքով՝ նմանատիպ դիմումներով հանդես կգան այլ երկրների խորհրդարանների խոսնակներ և պատգամավորներ։

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ ի թիվս այլոց, թեկնածուներ կարող են առաջադրել ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամները, կազմակերպությունների անդամները, խաղաղության Նոբելյան մրցանակակիրները, նորվեգական Նոբելյան կոմիտեի գործող և նախկին անդամները, միջազգային դատարանների անդամները:

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ դափնեկիրներին ընտրում է նորվեգական Նոբելյան կոմիտեն, որը նշանակվում է Նորվեգիայի խորհրդարանի կողմից։

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1901 թվականից։