Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ տարածքում». Լավրովը արձագանքել է նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ տարածքում». Լավրովը արձագանքել է նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը
Ռուսաստան
17:02, 18 январь 2024
 
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սա փաստ է, բայց Երևանի դիրքորոշումը անհասկանալի է: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ, որը խորհուրդներ է ստանում Արևմուտքից, նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն սկսեցին «առանց հրավերի մտնել կարգավորման գործընթացի մեջ, հենց որ հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս և երթուղիների ապաշրջափակման, և սահմանների դելիմիտացիայի, և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերում»,- ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ նա Արևմուտքին մեղադրել է «Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը թույլ չտալու» ձգտման մեջ։

Արևմուտքի «բարի խորհուրդները» միշտ առկա են Հարավային Կովկասում, և դրանք միշտ նպատակաուղղված են իրենց աշխարհաքաղաքական խնդիրներն առաջ տանելուն, ասել է նա։

Այնուհետև նա մեղադրել է Հայաստանի ղեկավարությանը արևմտամետ կողմնորոշման համար և քննադատել «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախագծի գաղափարը։ Այսպես, Լավրովը հայտարարել է, որ տրամաբանություն չի տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում տարանցման պայմանների մասին հայտարարություններում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանը պատրաստ է իր տարածքով տարանցման նույն պայմանները ստեղծել», որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջևան Իրանի տարածքով տարանցման համար։

Լավրովը նաև քննադատել է Եվրամիության և ԱՄՆ-ի փորձերը՝ «յուրովի կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան՝ շրջանցելով Մոսկվային»։ Նրա խոսքով՝ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափը տարածաշրջանի խնդիրների լուծման հեռանկարային և արտաքին ազդեցությունից զերծ տարբերակ է։