Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ռուսաստան
10:59, 12 март 2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի քաղաքական ղեկավարության ողջամիտ մոտեցման հույս ունի՝ չնայած որոշակի մտահոգություններին, որ առաջացրել է հայաստանյան վերնախավի մի մասի դիրքորոշումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Չեմ թաքցնի, որ Հայաստանի վերնախավի մի մասի տրամադրություններն ու որոշակի իրադարձություններ մտահոգություն են առաջացնում: Բայց մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի հույս ունենք։ Ընդգծում եմ, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- պատասխանել է գլխավոր քարտուղարը հարցին, թե ՀԱՊԿ-ը սպասո՞ւմ է հայտարարություն Երևանից՝ կազմակերպությանը մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ։

Խոսելով ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության մասին՝ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում «խաղաղապահությանը»: 

«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ են իրենց դրսևորել 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ): Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը նպատակադրված է ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին, նաև կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս»,- ասել է նա: