Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի

ՀԱՊԿ-ը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի
Քաղաքականություն
14:59, 18 май 2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է «Բելտա» գործակալությունը։

Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ պարբերաբար բանակցություններ են ընթանում, Եվրոպայում վերջերս տեղի է ունեցել հերթական փուլը։

«Նշվել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ԱՊՀ-ի ստեղծման մասին այս փաստաթղթում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա։

«Հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրման: Եվ դրանից հետո երկրները կանցնեն սահմանների դելիմիտացիային»,- հավելել է Տասմագամբետովը: