Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ իշխանությունները բազմադարյա պատմություն ունեցող հայկական քաղաքակրթությունը իզուր են համեմատում ԵՄ-ի հետ. Զախարովա

ՀՀ իշխանությունները բազմադարյա պատմություն ունեցող հայկական քաղաքակրթությունը իզուր են համեմատում ԵՄ-ի հետ. Զախարովա
Ռուսաստան
10:56, 03 апрель 2024
 Հայաստանի ներկայիս իշխանությունները հնադարյա հայկական քաղաքակրթությունը, որը բազմադարյա պատմություն ունի, իզուր են համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր բացահայտ վատ են։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։


«Ես այսօր տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, որն ասում էր, թե Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում. իսկ ինչո՞ւ են Երևանում ներկայիս իշխանության ներկայացուցիչներն այդպես դեմպինգ անում: Ինչո՞ւ են նրանք հին հայկական քաղաքակրթությունը համեմատում մշակույթի, պատմության, պետականության հետ, որը եղել է, ներեցեք, եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, ներկայիս՝  իսկապես փակուղում գտնվող Եվրամիության հետ: Եվ հենց սրա մասին են նրանք խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքերը: Հայաստանը  մշակույթ է, պետական կառույց է և պետականության այն հիմքերն է, որոնք արմատներով հասնում են հազարամյակներ: Նրանք ունեն հազարամյա պատմություն»,- ասել է Զախարովան և ընդգծել, որ Երևանը իր համար գտել է «նմուշ, որի մասին Արևմուտքում այլևս ոչ ոք լրջորեն չի խոսում»։

Զախարովան նշել է, որ հայկական քաղաքակրթությունն ունի հազարամյա պատմություն, որը նախորդում է եվրոպական ժողովրդավարությանը, և կասկածի տակ է դրել Եվրամիության հետ իրեն ասոցացնելու Հայաստանի որոշումը՝ այն բնութագրելով որպես «բացարձակ ամորֆ, անկամ, փլուզվող կառույց»։ Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այժմ ԵՄ վիճակը լիովին տեսանելի է՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական ցուցանիշները։ Եվ հիմա, նրա խոսքով, «հազարամյա պատմություն ունեցող հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը, «կարծես նրան փոքրիկ հայելի են ցույց տվել ադամանդի, ռուբինի կամ զմրուխտի դիմաց», խնդրում է իրեն վերաբերվել որպես ճգնաժամի մեջ  գտնվող համայնքի»։