Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրական տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ համատեղ կոնտենգենտի տեղակայումն է. Այդ ուղղությամբ լուրջ դիվանագիտական աշխատանք պետք է տանել․ Նիկոլ Փաշինյան

Իրական տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ համատեղ կոնտենգենտի տեղակայումն է. Այդ ուղղությամբ լուրջ դիվանագիտական աշխատանք պետք է տանել․ Նիկոլ Փաշինյան
---
18:16, 12 август 2021
 «Եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, ապա այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը»,-այս մասին օգոստոսի 12-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշատակելով շաբաթներ առաջ հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի վերաբերյալ արած իր առաջարկը: Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը փաստացի կրկնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցից հետո, ինչը թերևս նշանակում է, որ ՀԱՊԿ-ը մերժել է Հայաստանի այդ առաջարկը և մտադիր չէ ստանձնել հրադադարի ռեժիմի մոնիտորինգի պատասխանատվություն:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե բոլորին էլ հասկանալի էր, որ անհնար տարբերակ է, որ ՀԱՊԿ-ը համաձայներ Հայաստանի առաջարկին և այնպես էլ չէր, որ մեր կառավարությունը դրա հույսն էր ունացել։ Բայց հնարավորություն էր տրված ռուսական կողմին իր կոնտենգենտը տեղակայել այստեղ ՀԱՊԿ դրոշի ներքո.«Իրականում մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէր լինի, որովհետև այստեղ Ռուսաստանի առանց այդ էլ չափազանց մեծացած հնարավորությունները և չափազանց մեծացած դերը մեր անվտանգային հարցերում էլ ավելի կմեծանար և էլ ավելի մենաշնորհի  տիրապետող ուժային կենտրոնի կվերածվեր Հայաստանում։ Բայց հիմա հերթը իրական տարբերակի քննարկմանն է։ Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ կոնտենգենտի տեղակայման հարցն է։ Եվ ես  հույս ունեմ, որ մինչև այդտեղ և դրանից հետո էլ այդ ուղղությամբ  լուրջ դիվանագիտական աշխատանք կտարվի այդ ուղղությամբ»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ վարչապետի հայտարարությունը ավելի շատ կարելի է բնութագրել ոչ թե որպես  ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին մերժում, այլ ենթադրվում է, որ Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին։ Իսկ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա արդեն վաղուց այն չէ, որ Ռուսաստանը կարողանար Ադրբեջանին ստիպել համաձայնվելու այդ տարբերակին։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելության տեղակայմամբ հնարավոր կլինի՞  բացառել գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող սահմանային միջադեպերը, Քոչինյանը նկատեց, որ այդ բոլոր գործընթացները՝ դա կլինի ռուսական, թե միջազգային  կոնտենգենտի տեղակայում, թե խաղարարար կոնտենգենտ, դրանք բոլորը խիստ կարճաժամկետ են։

Կարճաժամկետ կտրվածքում նրանք կարող են արդյունք տալ, բայց երկարաժամկետ հարթության մեջ արդյունք կարող է տալ բացառապես մեկ բան՝ մեր զինված ուժերի կարողությոնների վերականգնումը.«Որևէ պետություն, առավել ևս մեր տարածաշրջանում գտնվող պետություն չի կարող հանգիստ գոյատևել առանց բանակի։ Մեր տարածաշրջաննում դա հնարավոր չէ»,-եզրափակեց Քոչինյանը։
Ի դեպ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստի ժամանակ բացման խոսքում նշեց, որ նախորդ կառավարության նիստին ինքը ուրվագծել  է ՀՀ  կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում  իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։ Վարչապետն այսօր ընդգծեց, որ Հայաստանը տարածքներ նվաճելու միտք չունի,  պատրաստ ենք Ադրբեջանի հետ նույնիկ բարձր մակարդակով երկխոսության։