Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան

Մինչ օրս վերադարձրել ենք 104 ռազմագերի, շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ. Փաշինյան
Հասարակություն
15:14, 15 июль 2021
Տարածաշրջանային կայունության եւ փոխվստահության հաստատմանը խոչընդոտող կարեւոր գործոն է այն փաստը, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչեւ օրս չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչեւ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերի: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան եւ լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։

«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմամբ, եւ մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները եւ համագործակցությունը այդ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ հայկական կողմը վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ է ունեցել:

«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին եւ մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: