Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախ մուտքի թույլտվության գործընթացին Ադրբեջանը որևէ կերպ ներգրավված չէ․ Դավիթ Բաբայան

Արցախ մուտքի թույլտվության գործընթացին Ադրբեջանը որևէ կերպ ներգրավված չէ․ Դավիթ Բաբայան
---
20:59, 10 апрель 2021
«Օտարերկրյա քաղաքացիներին Արցախ մուտքի արտոնագիր տրամադրվում է միայն ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում։ Բացառվում է, որ մուտքի արտոնագիր ունեցող օտարերկրյա քաղաքացին չկարողանա մուտք գործել Արցախ»,- ՍիվիլՆեթի հարցմանը պատասխանել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: 

Ըստ նախարարի՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվության վերաբերյալ որոշումը կայացնում են Արցախի համապատասխան կառույցները՝ ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ, «քանի որ հետպատերազմական իրավիճակում նրանք կարևոր դերակատարություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»։ 

Փետրվարի 26-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել էր ռուս խաղաղապահներին՝ «գաղտնի կերպով օտարերկրյա քաղաքացիներին Ղարաբաղ թողնելու համար»:

Բաբայանը պնդում է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Ադրբեջանը որևէ կերպ ներգրավված չէ: 
«Ինչ վերաբերում է հավատարմագրմանը, ապա օտարերկրյա լրագրողները հավատարմագրում ստանում են բացառապես Արցախի արտաքին գործերի նախարարությունում, իսկ հավատարմագրման վերաբերյալ որոշումը կայացվում է միայն Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրի վերաբերյալ դրական որոշումից հետո։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում լրագրողների հավատարմագրում իրականացվել է միայն պատերազմի ժամանակ»,- ասված է հարցման պատասխանում։

Արցախի ԱԳՆ-ն 2021-ի փետրվարին հայտարարեց, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախ այսուհետ պետք է իրականացվի նոր կարգով։ Օտարերկրացիները պետք է դիմեն Երևանում Արցախի մշտական ներկայացուցչություն և երեք-չորս աշխատանքային օրվա ընթացքում ստանան մուտքի թույլտվությունը։ «Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները»,- նշվում էր Արցախի ԱԳՆ հայտարարությունում։ 

Այնուամենայնիվ, օտարերկրացիների և հատկապես լրագրողների մուտքը Արցախ շարունակում է խնդրահարույց մնալ։ 
ՍիվիլՆեթի երևանյան լրագրող Էմիլիո Կրիկիոն, որն ունի Մեծ Բրիտանիայի և Իտալիայի քաղաքացիություն, շուրջ երկու շաբաթ է՝ Երևանում Արցախի ներկայացուցչությունից սպասում է պատասխան մուտքի թույլտվության իր դիմումին։

Ներկայացուցչությունում ո՛չ մերժում են, ո՛չ էլ պատասխանում, թե ինչ որոշում են կայացրել այդ հարցով։

Ապրիլի 9-ին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռուս
խաղաղապահները արգելափակում են Արցախ միջազգային լրագրողների մուտքը։ 

Կազմակերպությունն ընդգծել է, որ Արցախ այցելել ցանկացող արտասահմանցիներն արդեն երկու ամիս է՝ մուտքի թույլտվություն ստանալու խնդրին են առնչվում, և Արցախի իշխանությունները ոչ բոլորին են մուտքի արտոնագիր տրամադրում, այդ թվում՝ միջազգային լրագրողներին։ CNN-ի, Al Jazeera-ի, The Guardian-ի թղթակից, կանադացի լրագրող Նիլ Հաուերի դիմումն օրերն առաջ են մերժել։ Կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է արել «վերջ դնել Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը»: