Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեքենա ներմուծողները ձգձգում են մաքսազերծումը՝ օգտվելով մաքսային հսկողության գոտու՝ կայանատեղիներից ավելի էժան լինելուց՝ խնդիրներ ստեղծելով այլ ներմուծողների համար

Մեքենա ներմուծողները ձգձգում են մաքսազերծումը՝ օգտվելով մաքսային հսկողության գոտու՝ կայանատեղիներից ավելի էժան լինելուց՝ խնդիրներ ստեղծելով այլ ներմուծողների համար
Տնտեսություն
17:45, 10 январь 2024
Չնայած մաքսազերծումը ժամերի հարց է, որոշ մեքենա ներմուծողներ նախընտրում են թողնել մեքենաները մաքսային պահեստում, վճարել մեկ օրվա համար 1600 դրամ և մաքսազերծել մեքենան այն ժամանակ, երբ կունենան գնորդ։ Սրա հետևանքով, ըստ ՊԵԿ-ի, մաքսակետը տեղի խնդիր է ունենում, և բարդանում է մյուս տնտեսվարողների և քաղաքացիների կյանքը, որոնք ուզում են արագ մաքսազերծում իրականացնել։ Հետևաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծ են ներկայացրել՝ մաքսային պահեստում մեքենաները թողնելու տուրքերը բարձրացնելու մասին, որպեսզի տնտեսվարողները անհարկի չթողնեն մեքենաները մաքսային հսկողության գոտում։

«Մենք ունենք պետական տուրքի մասին օրենք, որն ասում է՝ ժամանակավոր պահպանության համար որ տեսակի գործողության համար որքան պետտուրք է սահմանվում։ Եվ իրենք, օգտվելով նրանից, որ դա շատ ավելի էժան է, քան տանել մեքենան այլ վայրում պահպանություն իրականացնել, ասում են՝ դե լավ, թողնենք, հետո կմաքսազերծենք։ Բայց մենք ունենք նաև այլ հարկ վճարողներ, որոնք ևս ուզում են իրենց ապրանքը մաքսազերծել։ Այսինքն՝ այստեղ որևէ ֆիսկալ նպատակ օրենքը չի հետապնդում»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նախագծով առաջարկվում էր մեկ օրվա պահպանությունն անվճար սահմանել, երկրորդ օրվանից սկսած բարձրացնել դրույքաչափերը։ Միաժամանակ՝ Բադասյանն ասաց, որ պատրաստ են դիտարկել նաև մինչև 5 օր անվճար ժամկետ, որը ողջամիտ ժամկետ է ցանկության դեպքում մեքենան մաքսազերծելու և հանելու պահպանվող տարածքից։
Բադասյանը նաև ներկայացրեց, թե 2023 թվականի ընթացքում քանի մեքենա է նույն օրը մաքսազերծվել, քանիսի մաքսազերծումն է մի օր տևել և այլն։ 

Ըստ այդմ՝ 7090 մեքենա կամ 12,8 տոկոսը մաքսազերծվել է նույն օրը, 12769 մեքենայի (23%) մաքսազերծումը տևել է մեկ օր, 7520 (13,5%) մեքենայինը՝ 2 օր, 6107 (11%) մեքենայինը՝ 3 օր և այլն։ Ընդհանուր  55499 մեքենա է մաքսազերծվել նախորդ տարի։ 30 տոկոս դեպքերում է, երբ մաքսազերծումն իրականացվում է 5 օրից ավելի ժամկետում։ Իսկ մաքսազերծման պրոցեսը ձգձգել են ներմուծողները, ոչ թե ՊԵԿ-ը։ «Գյումրիի մաքսատունը օրական 550 մեքենա կարող է ձևակերպել և բաց թողնել, ինչը ամբողջությամբ բավարարում է ավտոմեքենաների հոսքը կառավարելու և փողոցների վրա մաքսային հսկողության գոտի մուտք գործելու համար հերթեր չգոյացնելու համար»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց առաջին երեք օրվա համար անվճար պահպանության իրավունք տալ մեքենա ներմուծողներին, 4-րդ օրվանից սկսած դրույքաչափերը կբարձրանան։ Իսկ օրենքը ուժի մեջ կմտնի օրենքի հրապարակումից 6 ամիս հետո։

Ի դեպ, դրույքաչափերը կբարձրանան տարբեր կերպ՝ կախված մեքենայի տիպից՝ տասնապատիկ, յոթնապատիկ, հնգապատիկ և այլն։