Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ ռիսկեր կամ հնարավորություններ է տալու Bank of Georgiа-ի կողմից Ameriabank-ի բաժնետոմսերի գնումը. մանրամասնում է Բանկերի միության նախագահը

Ի՞նչ ռիսկեր կամ հնարավորություններ է տալու Bank of Georgiа-ի կողմից Ameriabank-ի բաժնետոմսերի գնումը. մանրամասնում է Բանկերի միության նախագահը
Տնտեսություն
14:05, 20 февраль 2024
«Բանկերի միավորումը կամ բանկերում կանոնադրական կապիտալի փոփոխությունը արտառոց երևույթ չէ, և վերջին 10 տարիների ընթացքում մենք բազմաթիվ դեպքեր կարող ենք հիշել, որ նույնիսկ խոշոր բանկերում տեղի է ունեցել բաժնետերերի փոփոխություն, կամ էլ, օրինակ, համակարգի մի քանի բանկ միացել են ու կազմել մեկ բանկ»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝  անդրադառնալով  Bank of Georgiа-ի կողմից 303,6 մլն դոլարով Ameriabank-ի բաժնետոմսերը գնելու պայմանավորվածության ձեռք բերման հնարավոր ռիսկերին։ 

Ըստ Ազատյանի՝ 2017թ.-ից սկսած մոտ 10 բանկեր միացել են իրար ու դարձել բանկերի խումբ. «BTA բանկը միացել է «Հայէկոնոմ բանկ»-ին, «Կասկադ բանկ»-ը միացել է «Ամերիաբանկ»-ին, Զարգացման բանկն էլ միացել է «Արարատբանկ»-ին, ու դա շատ նորմալ, բնական երևույթ է, որը տեղի է ունեցել բանկային համակարգում։ Ինչ վերաբերում է կապիտալի ամբողջական փոփոխությանը, ապա մենք դա տեսել ենք երկու տարի առաջ ևս, ու բոլոր այս փոփոխությունները ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընդունված են, որ պետք է  ստանան կարգավորող մարմնի վերջնական համաձայնությունը։ Բանկերը կարող են բանակցել, երկու բանկերի բաժնետերերը հաստատեն գործարքը, այնուհետև ամբողջական փաստաթղթերը ներկայացնեն Կենտրոնական բանկին»։ 

Ազատյանի խոսքով՝ եթե Կենտրոնական բանկի կողմից խնդիրներ չեն արձանագրվում, ապա այդ գործարքները գրանցվում են. եղել են նախկինում դեպքեր, երբ գործարքները չեն գրանցվել. «Բանկային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին մենք դրական ենք վերաբերվում, դա նոր էներգիա է հաղորդում, ու ԿԲ-ն է լիազորված այդ որոշումները կայացնել»։

Ըստ նրա՝ միջազգային բրենդի բանկերի առկայությունը մեր բանկերի համար կարևոր է. «Ինչ վերաբերում  է HSBC-ին, ապա վերջին տարիներին՝ միայն 2021թ.-ից այս կողմ, շուրջ 7 երկրներից դուրս է եկել HSBC-ն՝ Ֆրանսիայի մանրածախ բիզնեսից, ԱՄՆ-ից, Հունաստանից, իսկ եթե մի քիչ ավել հետ գնանք, կտեսնենք, որ HSBC-ն դուրս է եկել նաև ԱՊՀ երկրներից, Վրաստանից, Ադրբեջանից և այլն, ու այս տեսակ գործարքները չեն լինում մեկ շաբաթում կամ 10 օրում։ Այս գործարքները շատ երկար ժամանակ քննարկվում, բանակցվում են, ու բանակցությունների ընթացքը անցնում է  միջազգային չափանիշների ընդունված կանոններով ու նորմերով, և շատ դժվար աշխատանք է, ու մենք պետք է հարգանքով մոտենանք, և նորից եմ կրկնում, որ ցանկացած միջազգային բրենդի բանկի մուտքը Հայաստան շատ կարևոր է»։

Հիշեցնենք, որ ներկայումս հայտնի է, որ «Ամերիաբանկ»-ն ու BOGG PLC միջազգային ֆինանսական խումբն ավարտել են բանակցությունները, ըստ որի՝ «Ամերիաբանկ»-ը կարող է միանալ «ԲիՕՋիՋի» միջազգային խմբին։ Առջևում գործարքի հաստատումների փուլն է, իսկ մինչ այդ «ԲիՕՋիՋի» ֆինանսական խմբի խորհրդի նախագահ պարոն Մել Քարվլը բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այց է կատարել Հայաստան։ Այցի շրջանակում Մել Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին։ Մել Քարվլն անդրադարձել է նաև բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում «Ամերիաբանկ»-ի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին։

Դ.Լ.