Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եզակի որոշում՝ պետբյուջեից հատկացվում է 65.7 մլն դրամ Խաչիկ գյուղի երաշխավոր դարձած բնակիչներին բանկերի «սև ցուցակից» հանելու համար

Մի խառը պատմություն գոյություն ունի. Վայոց ձորի Խաչիկ գյուղի 2 բնակիչներ վարկ են վերցրել և գործնականում ամբողջ գյուղին դարձրել են վարկի երաշխավորներ: Այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ, իհարկե, այս փաստի հետ կապված կա նաև հարուցված քրեական գործ:

«Այդ վարկերը այդ երկու բնակիչները չեն փակել, և ամբողջ գյուղը ըստ էության հայտնվել է սև ցուցակում: Եվ ռազմավարական նշանակության Խաչիկ սահմանամերձ գյուղը փաստացի զրկված է բնակելի տներ կառուցելու ծրագրից օգտվելու հնարավորությունից»,- ասաց վարչապետը և տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում կայացրել են եզակի մի որոշում՝ որոշվել է պետբյուջեից 65.7 մլն դրամ հատկացնել և երաշխավոր դարձած բնակիչների պատասխանատվության մի մասը կիսել, և նրանց վարկային պարտավորությունները զրոյացնել:

Վարչապետը բնակիչներին խնդրեց այլևս նման պատմության մեջ չընկնել. «Սա հատվածական, մեկանգամյա որոշում է»: