Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է ներդնել բյուջետային ծրագրերի պարբերական և կանոնավոր գնահատման գործընթաց. նախագիծ

Առաջարկվում է ներդնել բյուջետային ծրագրերի պարբերական և կանոնավոր գնահատման գործընթաց. նախագիծ
Տնտեսություն
16:21, 22 апрель 2024
Բյուջետային ծրագրերի պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարևոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում և կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության և արդյունքայնության բարձրացմանը: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, հայտնում են ԱԺ-ից:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի երկրորդ՝ «Ֆինանսների նախարարությունե»բաժնի դրույթներից, համաձայն որի բյուջետային ծրագրերի արդյունավետության և օգտավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի կանոնավոր գործընթաց: Գնահատման համակարգի ներդրման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգ», մշակվել է «Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույց»:

«Թեև հայեցակարգը հաստատվել է, այդուհանդերձ բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել լիազորող նորմ, համաձայն որի Կառավարությունն իրավասու է իրականացնելու բյուջետային ծրագրի գնահատման գործառույթներ»,- մանրամասնել է հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը: Նախագծով առաջարկվում է սահմանել նշված լիազորող նորմը՝ ՀՀ կառավարությանը վերապահելով բյուջետային ծրագրի գնահատման լիազորություններ, ինչպես նաև կտրվեն որոշ տերմինների սահմանումներ, որոնք անհրաժեշտ են բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթի ներդրման համար:

Ֆինանսների նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նաև գնահատման գործառույթի վերաբերյալ:
«Սա վերահսկողական գործառույթ չէ, գնահատման գործառույթը վերլուծական աշխատանք է լինելու, և ըստ էության, այս բարեփոխումները զուգորդվում են մեկ այլ բարեփոխման հետ: Ինչպես գիտենք, ֆինանսների նախարարությունը Պետական վերահսկողության ծառայությանն է փոխանցում իր ներկայիս ֆինանսաբյուջետային վերահսկողության գործառույթները: Այսինքն, մենք փորձում ենք առավել օպտիմալ ձևով կառավարել գործընթացը»,- ասել է Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ գնահատման մեթոդաբանությունն իրականացվելու է միջազգային փորձի հիման վրա: Մեթոդաբանությունը հիմնականում հանդիսանում է վերլուծական աշխատանքների գործընթաց, որին ներգրավված են միջազգային և տեղացի փորձագետներ:

Նախագիծը իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից, և նիստի ընթացքում ներկայացվել են փորձաքննության արդյունքների վերաբերյալ դիտարկումները:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: