Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրիստինե Ղալեչյանը իրանական Babak copper ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումների հնարավորության հարցը

Քրիստինե Ղալեչյանը իրանական Babak copper ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումների հնարավորության հարցը
Տնտեսություն
23:04, 08 сентябрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Իրանում պղնձի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող Babak copper ընկերության պատվիրակությանը՝ ընկերության  գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորությամբ։ Ընկերությունը Իրանում  հանքարդյունաբերությամբ զբաղվող հայտնի և ամենամեծ ընկերություններից մեկն է։

Ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզա Միրզան շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և նշել, որ հանդիպման նպատակը  իրենց ընկերության ներուժը ներկայացնելն է և Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները հայկական կողմի հետ քննարկելը։ 

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ողջունելով պատվիրակության անդամներին  Հայաստանում՝ ընդգծել է, որ Հայատանի և Իրանի միջև շատ ոլորտներում արդեն հաջողված ծրագրեր և ձևավորված արդյունավետ համագործակցություն կա՝ նշելով, որ ուրախ է արձանագրել, որ ընդերքի ոլորտը ևս իրանական կողմի հետաքրքրության շրջանակում է։

Հանդիպմանը Babak copper ընկերության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել Իրանում ընկերության գործունեության մասին, տեղեկացրել են ընկերության արտադրական հզորությունների և պղնձի արտադրության մեջ իրենց կողմից կիրառվող կենսալուծազատման (hin tank leaching)  տեխնոլոգիայի մասին։

Նշվել է, որ Իրանում ընկերությունն ավելի քան 400 մլն եվրոյի ներդրում է կատարել, քննարկվել է Հայաստանում ներդրումների հնարավորության հարցը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ այլ հանդիպում կազմակերպել Babak copper ընկերության և ոլորտում գործունեություն ծավալող  հայկական ընկերությունների մասնակցությամբ և համատեղ քննարկել իրանական կողմի առաջարկը։