Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չգիտես ինչու, միշտ շեշտում ենք ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից ատելության խոսքի տարածումը. այդպիսի խոսք արտաբերվել է և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահի կողմից. Դատախազություն

Չգիտես ինչու, միշտ շեշտում ենք ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից ատելության խոսքի տարածումը. այդպիսի խոսք արտաբերվել է և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահի կողմից. Դատախազություն
Իրավունք
18:39, 12 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն անդրադարձավ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ Արմեն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և, դիմելով դատախազության ներկայացուցչին, ասաց. «2020 թվականին գործ է հարուցվում, մարդուն մեղադրանք չի առաջադրվում, նախընտրական քարոզարշավ է սկսվում՝ մեղադրանք է
առաջադրվում»:
 
«Վճռաբեկ դատարանը այս կարևորագույն հարցին պատասխան տվեց նախադեպային որոշմամբ: Բացի դրանից, տվեց մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, որոնք քննությամբ էլ ավելի հստակեցրին: Եվ այդ ժամանակաընթացքում, երբ ձեռք բերվեց բավարար ապացույցների համակցությունը նաև այդ որոշման լույսի ներքո, առաջադրվեց մեղադրանք: Միգուցե ժամանակագրական առումով համընկել է այդ գործընթացին, բայց դրա հետ ամենևին կապ չունի»,- ի պատասխան ասաց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի կողմից առաջ քաշված Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքին, դատախազության ներկայացուցիչն ասաց. «Երբ մենք կենտրոնանում ենք ատելության խոսքի վրա, չգիտես ինչու, միշտ շեշտում ենք ՔՊ կուսակցության ղեկավարի կողմից այդպիսի խոսքի տարածումը՝ այն դեպքում, երբ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահի կողմից այդպիսի խոսք արտաբերվել է: Եվ երեքի մասով էլ տրվել են քրեաիրավական գնահատականներ»:

«Եթե մուրճը օրենքի դիկտատուրայի սիմվոլն է, ինչպես պարոն Բիշարյանն ասաց, ապա ինչ է «սաղին բռնելու եմ շինեմ» արտահայտությունը»,- Հովհաննիսյանին հարցրեց Վարդևանյանը: 

Ի պատասխան դատախազության ներկայացուցիչն ասաց. «Այն համատեքստը, որտեղ կատարվել է ոչ միայն ձեր մատնանշած, այլև մնացած բոլոր արտահայտությունները, հաշվի են առնվել բոլոր 5-6 չափանիշների տրամաբանության մեջ՝ անձը, կարգավիճակը, համատեքստը, ձևն ու բովանդակությունը, դիտավորությունը և հնարավոր վնասի առկայությունը»: