Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Վարդևանյանը ՍԴ-ում «բացահայտեց» իր իսկ ներկայացրած «Հայաստան» դաշինքի վստահված անձի կրկնաքվերակությունը

Արամ Վարդևանյանը ՍԴ-ում «բացահայտեց» իր իսկ ներկայացրած «Հայաստան» դաշինքի վստահված անձի կրկնաքվերակությունը
Իրավունք
18:49, 12 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը, զինվորական ծառայողների քվեարկության ժամանակ ուղղորդումների, քվեարկության խախտումների դեպքերին անդրադառնալով՝ ասաց, որ այդ հաղորդումները վերացականություն են ունեցել: Տեսանյութ է հրապարակվել «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի կողմից, հետո նա իրավապահ մարմիններին բացատրել է, որ հերթի մեջ տեսնելով քաղաքացիական անձ, տպավորություն է ստեղծվել, որ կարող է տեղի ունենալ ուղղորդում: Այնինչ, զինվորականների հետ կարող են եւ քվեարկել քաղաքացիական անձինք:

Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ զորամասի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ գործ ունենք փակ հիմնարկի հետ, որն ունի իրենց ներքին կարգուկանոնը. «Շատ դեպքերում մերկապարանոց հայտարարություններ են արվել, ուղղակի դասակի, ջոկի, սպայի ուղեկցումը դիտարկվել է որպես ուղղորդում զինծառայողներին, այն դեպքում, երբ որեւէ փաստական տվյալ այդ մասին չկա: Դիմումատուն նշում է, որ Վարդան Գալստյանը երկու տեղում էլ ստորագրել է, պարո՛ն Վարդեւանյան, տեղյա՞կ եք, որ Վարդան Գալստյանը «Հայաստան» դաշինքի վստահված անձ է, այդ հանձնաժողովում գրանցված է եղել»:

Շարունակելով կրկնաքվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունների դեպքերին անդրադարձը՝ Սեւակ Հովհաննիսյանն ասաց. «Ակամայից Ջեմմա Մարտիրոսյանը դարձավ այս պատմության հերոսը: 1402 համարի տակ է նա հաշվառված ընտրողների ցուցակում: 1042 համարի տակ գրանցված մեկը Գագիկ Շահգալդյանն է ստորագրել նրա փոխարեն, ակնհայտ է, որ թվերի իրար նման լինելու պատճառով տեղի ունեցել շփոթմունք: Գագիկ Շահգալդյանի անվամբ տպագրված կտրոնը կա, նա մասնակցել է քվեարկությանը, քվեարկել է Ջեմմա Մարտիրոսյանի անվան դիմաց, իսկ ընտրողների ցուցակում Գագիկ Շահգալդյանի անվան դիմաց իր ստորագրությունը բացակայում է, սա փաստում է, որ տեղի ունեցածը ընդամենը շփոթմունք է: Դիմումատուն այն, որ 109 հազար ընտրողների տվյալներ ստեղնաշարով մուտք անելու պարագայում կարող էր պարարտ հող ստեղծվել ընտրախախտումների համար, այդ թեզը բացատրում է Ջեմմա Մարտիրոսյանի օրինակով»: